երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
ՊԵԿ-ը հերքում է․ մաքսավորները «Զվարթնոց» օդանավակայանում Բրազիլիայի քաղաքացուն չեն ստիպել խմել ձեռքին եղած շշի պարունակությունը

ՊԵԿ-ը հերքում է․ մաքսավորները «Զվարթնոց» օդանավակայանում Բրազիլիայի քաղաքացուն չեն ստիպել խմել ձեռքին եղած շշի պարունակությունը

«Զվարթնոց» օդանավակայանում Բրազիլիայից Հայաստան ժամանած ուղևորի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունը, թե, իբր, ՊԵԿ աշխատակիցները ստիպել են խմել քաղաքացու ձեռքին եղած շշի պարունակությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին ՊԵԿ լրատվական ծառայությունից։ Գործի քննությունը ընթանում է ՀՀ քննչական կոմիտեում, ՊԵԿ-ից հայտնեցին, որ դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ իրավասու չեն տրամադրել:

Նշենք, որ լրատվամիջոցները հաղորդել էին «Զվարթնոց» օդանավակայանում Բրազիլիայի քաղաքացու մահվան դեպքի մասին։ 

«Բրազիլիայից Հայաստան ժամանած մի ուղևորի ձեռքին ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցները շիշ են նկատել, հետաքրքրվել են՝ ինչ է մեջը, բրազիլացին պատասխանել է՝ գինի։ Մաքսայինի աշխատակիցները շշի պարունակությունը ստուգելու փոխարեն ստիպել են բրազիլացուն խմել այն, որը խմելուց հետո նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և նա րոպեներ անց մահացել է»,- գրել էր «Հրապարակ» օրաթերթը։

ՔԿ-ից հայտնում են, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ առանց այլ մանրամասներ բացահայտելու։   

  • Կիսվել: