ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՊԵԿ-ն իրավատերերին հորդորում է գրանցել մտավոր սեփականությունը

ՊԵԿ-ն իրավատերերին հորդորում է գրանցել մտավոր սեփականությունը

Պետական եկամուտների կոմիտեի կողմից ներդրված մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանությանն ուղղված հսկողական գործիքակազմի շարունակական կատարելագործմամբ տարեցտարի բարձրանում է մաքսային մարմինների կողմից կեղծ ապրանքների նկատմամբ հսկողության արդյունավետությունը: Նոր մոտեցումը վերաբերում է իրավատերերի և մտավոր սեփականության օբյեկտի ներմուծման և արտահանման իրավունք ունեցող անձանց ավելի թիրախային տարանջատմանը և նրանց կողմից իրականացվող գործարքների դեպքում խնդիրների բացառմանը։

Գործիքակազմի արդյունավետ կիրառման շնորհիվ մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված միջոցառումների արդյունավետությունն աճել է մոտ 70 տոկոսով։ Այսպես, եթե 2018 թ. մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանության հիմքով թիրախավորվել է ապրանքային 565 հայտարարագիր, և մաքսային մարմինների կողմից 149 դեպքով որոշում է կայացվել կասեցնել ապրանքների բացթողումը, ապա 2021 թ. թիրախավորվել է 4471 հայտարարագիր, և ապրանքների բացթողումը կասեցնելու որոշում է կայացվել 485 դեպքով։ Իսկ արդեն 2022 թ. 1-ին եռամսյակում թիրախավորված 954 հայտարարագրից՝ 159 դեպքով կայացվել է ապրանքների բացթողումը կասեցնելու որոշում։ 

Մտավոր սեփականության իրավունքի լիարժեք պաշտպանության նպատակով ՊԵԿ-ը իրավատերերին հորդորում է գրանցել մտավոր սեփականության օբյեկտները: Օրենսդրությամբ սահմանված կարգով իրավատերը պետք է դիմում ներկայացնի Պետական եկամուտների կոմիտե՝ մտավոր սեփականության օբյեկտի գրանցման և ցանկացած մաքսային ընթացակարգով այդ ապրանքների բացթողումը կասեցնելու խնդրանքով: 

  • Կիսվել: