ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
 Փայտյա քանոնով սկսում են ծեծել, դա կոտրվում է, անցնում են երկաթե քանոնի. Սիսիանի դեպքից պատմում է պատպանը

Փայտյա քանոնով սկսում են ծեծել, դա կոտրվում է, անցնում են երկաթե քանոնի. Սիսիանի դեպքից պատմում է պատպանը

Սիսիանում տեղի ունեցող իրադարձությունների, որոնց, ըստ փաստաբանների, մասնակիցն է եղել նաեւ Սիսիանի ոստիկանապետ ԺՊ Գարիկ Մուրադյանը, տուժողներից Գառնիկ պապը գողություն չի կատարել, անմեղ է, նրան ոստիկանության բաժնում բռնության են ենթարկել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց 64-ամյա Գառնիկ Սիմոնյանի պաշտպան Լուսինե Զեյնալյանը, գրում է news.am-ը:

«Սիսիանի մի շարք քաղաքացիներ ահազանգեցին, ովքեր խոշտանգվել էին այդ անձի կողմից։ Մեր կազմակերպությունը ապրիլի 7-ին ահազանգ ստացավ Մարտին եւ Արմեն Հարությունյանների կողմից։ Նշեմ, որ Մարտին Հարութունյանը նաեւ հանդիսանում է Սիսիան քաղաքի ավագանու անդամ։ Ահազանգի հետքերով մեր կազմակերպության ներկայացուցիչները մեկնեցին Սիսիան՝ պարզելու եւ տեղում ծանոթանալու, ուսումնասիրելու տվյալ գործողությունները, թե ի՞նչ է կատարվել տուժողների հետ։ Այնտեղ նաեւ ի հայտ եկավ մեկ այլ տուժող՝ Սիսիանի բժշկական կենտրոնում։

Երբ որ մեր ներկայացուցիչը փնտրում էր տուժողներին, այդ ընթացքում հայտնի Գառնիկ պապը ասեց, որ ինքն էլ է հանդիսանում տվյալ անձից տուժած եւ համաձայնվել է ներկայացնել իրավիճակը, թե ինչու է հայտնվել Սիսիանի բժշկական կենտրոնում։ Այնուհետեւ պարզել ենք երրորդ անձին, ով նույնպես տուժել է։ Բժշկական կենտրոնում Գառնիկ Սիմոնյանը տեսաձայնագրության է համաձայնվել եւ ներկայացրել է, թե իր հետ ինչ է կատարվել»,- ասաց Զեյնալյանը։

Պաշտպանը պատմեց, թե ինչու են ոստիկանները նրան բերման ենթարկել եւ ինչ է տեղի ունեցել ոստիկանության բաժնում.

«Ապրիլի 5-ին իր ընկեր Աշոտի հետ՝ նրա բնակարանում գինովցած են եղել, որից հետո Գառնիկ պապը գնացել է իր տուն՝ քնելու։ Երեկոյան իրեն է զանգել Աշոտը ու տեղեկացրել, որ իր պայուսակը կորել է, կանչել է Գառնիկ պապին իր բնակարան։ 2 անգամ Գառնիկ պապը գնացել է Աշոտի բնակարան եւ վերադարձել է տուն՝ դուռը փակ է եղել։ Իսկ երկրորդ անգամ երբ զանգել կանչել է, ճանապարհին ոստիկանությունը նրան բերման է ենթարկել բնակարանային գողության կասկածանքով։

Նրա անձնական իրերը առգրավել են՝ խուզարկման նպատակով։ Այդ իրերի մեջ է եղել նաեւ նրա անձնագիրը։ Դրանից հետո նրան ճնշման են ենթարկել, որպեսզի նա իր վրա վերցնի մի հանցագործություն, որը իր կողմից չի կատարվել։ Այդտեղ արդեն տեղի են ունենում խոշտանգումները. Գառնիկ պապն ասում է՝ փայտյա քանոնով սկսում են ծեծել, դա կոտրվում է, անցնում են երկաթե քանոնի, հետո ոստիկանապետը սպառնում, պահանջում է բերել էլեկտրաշոկը, բայց պարզում է, որ դա Ոստիկանությունում չէ, սկսում է զենքի սպառնալիք կատարել՝ ասելով «ավտոմատս կբերեմ, կգյուլլեմ, կներկայացնեմ, որ հանցագործը փախչում էր, գյուլլեցի, ես դրա համար պատասխանատվության չեմ ենթարկվի»։ Նրան մեկ ամբողջ օր պահում են բաժնում։ Գառնիկ պապի առողջական վիճակը վատանում է, եւ նրան ազատ են արձակում»։

Նշենք, որ Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատարի դեմ բողոքների հիման վրա Հատուկ քննաչական ծառայությունում քննվում է չորս քրեական գործ:

 

  • Կիսվել: