ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Պատիվ ունեմ» դաշինքի օգտին կաշառք տալուն հանցակցելու մեջ մեղադրվողը ազատ է արձակվել

«Պատիվ ունեմ» դաշինքի օգտին կաշառք տալուն հանցակցելու մեջ մեղադրվողը ազատ է արձակվել

«Պատիվ ունեմ» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար կաշառք տալուն հանցակից լինելու մեջ մեղադրվող Շողիկ Դոխոյանը օրեր առաջ դատարանի դահլիճից ազատ է արձակվել: Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան ասաց նրա պաշտպան Արմեն Թևանյանը: 

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ հուլիսի 22-ին քննել է Դոխոյանի եւ գործով մյուս ամբաստանյալ Վարդան Վարդանյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու, վերահաստատելու կամ անփոփոխ թողնելու հարցը: Դատարանն այսպիսով փոխել է միայն Դոխոյանի խափանման միջոցը, իսկ մյուս ամբաստանյալը կշարունակի մնալ կալանքի տակ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ 2021 թվականի հունիսի 5-ին Վարդան Վարդանյանը հանդիպել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներից մեկին և նրան տվել 20  հազար դրամ կաշառք՝ «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար: Շողիկ Դոխոյանն իր հերթին, ընտրողի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու եղանակով օժանդակել է Վարդանյանին: Բացի այդ, Վարդանյանը Դոխոյանի օժանդակությամբ հունիսի 5-ին կաշառք է առաջարկել նույն վարչական շրջանի մեկ այլ բնակչի՝ 20 հազար դրամ՝ «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար:

Դոխոյանի պաշտպանը նշեց, որ իր պաշտպանյալը առողջական խնդիրներ ունի: Ավելի վաղ մեր զրույցում Թևանյանը նշել էր, որ իր պաշտպանյալը չի ընդունում մեղադրանքը և ոչ մի կապ չունի այն պատմության հետ, որն իրեն վերագրում են:

Նշենք, որ  առերևույթ ընտրական հանցագործությունների դեպքերով, ըստ դատախազության հայտնած տվյալների, 7 գործ ուղարկվել է դատարան, հարուցվել է 78 քրեական գործ, քրեական հետապնդում է հարուցվել 83 անձի նկատմամբ:

  • Կիսվել: