հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Փաստաբանության մասին» օրենքով կընդլայնվի հանրային պաշտպանի ծառայություններից օգտվողների շրջանակը. ԱՆ

«Փաստաբանության մասին» օրենքով կընդլայնվի հանրային պաշտպանի ծառայություններից օգտվողների շրջանակը. ԱՆ

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է Կառավարության հեղինակած «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը, որը միտված է փաստաբանական համակարգի բարեփոխմանը։

ԱՆ-ից հայտնում են, որ նախագծով առաջարկվում է որոշակիորեն վերանայել փաստաբանների պալատի ներքին կառավարման կառուցակարգը, որի արդյունքում նախատեսվում է ստեղծել նոր մասնագիտացված մարմին՝ կարգապահական հանձնաժողովը, որն ունենալու է փաստաբանների կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերը քննելու իրավասություն, ինչը հնարավորություն է տալու ապահովել նման գործերի առավել պատշաճ քննությունը: Ըստ էության՝ նախատեսվում է նաև կարգապահական գործերի քննության երկաստիճան համակարգ, քանի որ կարգապահական հանձնաժողովի որոշումները հնարավոր կլինի բողոքարկել փաստաբանների պալատի խորհրդին:

Նախատեսվում է ընդլայնել նաև խորհրդի լիազորությունները, հատկապես, հանրային պաշտպանների գործունեության բնագավառում. օրինակ՝ հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին նշանակելիս խորհրդի յուրաքանչյուր անդամ իրավունք կունենա առաջադրել իր թեկնածուին, խորհրդին իրավասություն կվերապահվի սահմանել հանրային պաշտպանի գրասենյակի տարեկան կատարողական ցուցանիշները, ստուգել և գնահատել հանրային պաշտպանների գործունեությունը: Նույն սկզբունքով վերանայվում է փաստաբանական դպրոցի կառավարման համակարգը, որտեղ տնօրենը կնշանակվի դրա կառավարման խորհրդի բոլոր անդամների կողմից թեկնածու առաջադրելու սկզբունքով:

Փաստաբանների պալատի մարմինների գործունեության արդյունավետության ապահովման նպատակով նախատեսվում են նաև այդ մարմինների անդամների անհամատեղելիության պահանջներ, երբ մեկ մարմնի անդամը կամ պալատի պաշտոնատար անձը միաժամանակ չի կարողանա պաշտոնավարել պալատի այլ մարմնում, ինչպես նաև սահմանվում են պալատի նախագահի և խորհրդի անդամների` քաղաքական չեզոքություն ու զսպվածություն դրսևորելու պահանջներ: Նախատեսվող պահանջները կնպաստեն փաստաբանության մասնագիտական անկախության ամրապնդմանը:

Նախագծով առաջարկվող հաջորդ կարևոր ուղղությունը վերաբերում է անվճար և անհատույց իրավաբանական օգնության կառուցակարգերի զարգացմանը: Մասնավորապես, առաջարկվում է ընդլայնել հանրային պաշտպանության շահառուների շրջանակը՝ դրանում նախատեսելով նաև.

- օտարերկրացիներին՝ արտաքսման վերաբերյալ որոշումը բողոքարկելու գործերով,

- անձանց, ում վերաբերյալ իրականացվում է անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու, անգործունակ ճանաչված քաղաքացուն գործունակ ճանաչելու կամ քաղաքացու գործունակության սահմանափակումները վերացնելու գործերի վարույթ, ինչպես նաև

- տուժողներին, եթե վերջիններս պարտադիր ժամկետային զինծառայող են կամ մինչև 16 տարեկան երեխա:

Միևնույն ժամանակ, նախատեսվում են խրախուսանքի միջոցներ այն փաստաբանների համար, ովքեր կամավոր անհատույց կերպով իրավաբանական օգնություն են տրամադրում անձանց, ինչպես նաև նախատեսվում են նման օգնության տրամադրմանը նպաստող և դրա մասին կամավոր հաշվետվողականության վերաբերյալ կառուցակարգեր:

Նախագծով առաջարկվում են նաև փոփոխություններ, որոնք ուղղված են փաստաբանների որակավորման կարգի վերանայմանը: Այսպես, ի տարբերություն ներկայումս գործող կարգի, երբ որակավորման քննություններին կարողանում են մասնակցել միայն փաստաբանական դպրոցում համապատասխան ուսուցում անցած անձինք, նախագծով սահմանվում է, որ առանց փաստաբանական դպրոցում ուսուցում անցնելու՝ փաստաբանի որակավորման քննությանը կկարողանան մասնակցել.

- միաժամանակ իրավագիտության բակալավրի և իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճաններ կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան և իրավաբանի` առնվազն յոթ տարվա մասնագիտական ստաժ ունեցող անձինք,

- նախկինում առնվազն հինգ տարվա փաստաբանական գործունեության ստաժ, ինչպես նաև առնվազն հինգ տարվա քննիչի, դատախազի կամ դատավորի մասնագիտական ստաժ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան ունեցող անձինք:

Նախագիծը մշակվել և ներկայացվել է փաստաբանական համայնքի հետ լայն կոնսենսուսի արդյունքում:

  • Կիսվել: