հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Փաստաբանները գործադուլ կանեն․ վերջիններս դատապարտում են Էրիկ Ալեքսանյանի կալանքը

Փաստաբանները գործադուլ կանեն․ վերջիններս դատապարտում են Էրիկ Ալեքսանյանի կալանքը

Փաստաբանների պալատի անդամները դատապարտում են փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված կալանավորումը և պատրաստվում են գործադուլ անել։ Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանը։
Նա նշեց՝ անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրում են այն դեպքում, եթե կա քրեական դատավարությամբ նախատեսված 3 հիմքերից մեկը՝ վերջինս գուցե փախուստի դիմի, հնարավոր է գործընթացին ապօրինի միջամտի կամ օրենքով արգելված նոր արարք գործի։
 
Փաստաբան անհիմն է համարում Ալեքսանյանի ձերբակալությունը և չի բացառում, որ այդ միջոցներն ընտրվել են վերջինիս անօրինական կերպով լռեցնելու, նրա մասնագիտական գործունեությունը խաթարելու համար։
«Փաստաբաններին խնդրում ենք ակտիվ լինել, քանի որ նախատեսում ենք ստորագրահավաք և մի քանի ժամով կարճաժամկետ գործադուլ անցկացնել։ Հաշվի առնելով Էրիկ Ալեքսանյանի անձը՝ առավել քան ակնհայտ է, որ այս հիմքերից ոչ մեկը գոյություն ունենալ չի կարող մեր իրականության մեջ։ Մենք գործ ունենք կալանքի այնպիսի տեսակի հետ, որն օրենսդրությամբ նախատեսված չէ»,- ընդգծեց Ղարագյոզյանը։
 
Ալեքսանյանի գործընկերը նշեց, որ ձերբակալության պահին փաստաբանից վերցրել են ավտոմեքենայի բանալին, բջջային հեռախոսն ու փաստաբանական գրասենյակի բանալին։ Ղարագյոզյանը վստահեցրեց՝ այդ իրերը փաստաբանական գաղտնիք պարունակող աղբյուրներ են և անձեռնմխելի են։
 
Փաստաբան Աննա Ծառուկյանն էլ շեշտեց, որ իրենց գործընկերոջ՝ Էրիկ Ալեքսանյանի կալանավորումը, մեղմ ասած, խոչընդոտում է բոլոր փաստաբանների գործունեությանը։
«Նա փաստաբան է, որը զբաղվում է բավականին հնչեղ գործերով, և բոլորս տեսնում ենք, որ ավելի քան բարեխղճորեն է անում այդ ամենը։ Սա օբյեկտիվ մոտեցում է։ Նա բազմաթիվ հնչեղ գործերի շրջանակում հաղթանակներ է ունեցել, այդ պատճառով էլ, ըստ իս, կալանավորման հանգամանքն իշխանություններն այլ կերպ են շեշտադրում։ Սա ըստ էության նաև Էրիկ Ալեքսանյանի պաշտպանյալների իրավունքների խախտում է, քանի որ նրա աշխատանքը որևէ կերպ որևէ մեկը չի կարող փոխարինել։ Նման բիրտ կերպով, հենց դատարանի դիմացից, անձի ձերբակալումը անթույլատրելի է»,- նշեց Ծառուկյանը։
Նրա խոսքով՝ նման գործողությունները խաղում են բոլոր փաստաբանների հեղինակության հետ։ Շեշտեց, որ կան պաշտպանյալներ, որոնք դիմել են իրենց ու հարցրել, թե ինչ հույս ունենան, որ այդ փաստաբանները կկարողանան իրենց իրավունքները պաշտպանել, եթե անգամ իրենց են կալանավորում։
 
Աննա Ծառուկյանը նաև ընդգծեց, որ ՄԱԿ-ի փաստաթղթերից մեկով, որը վերաբերում է փաստաբանների սկզբունքներին, հստակ ամրագրված է՝ փաստաբանը պետք է պաշտպանված լինի ցանկացած դատական հետապնդումից՝ վարչական, տնտեսական։
«Սա ոչ միայն քաղաքական հետապնդման տարրեր է պարունակում՝ ելնելով Ալեքսանյանի հնչեղ գործերից, այլև խղճի ու մտքի հետապնդում է։ Փաստաբանի նկատմամբ չպետք է կիրառվեր ամենախիստ խափանման միջոցը, քանի որ նա պրոֆեսիոնալ իրավաբան է և հասկանում է, որ չի խոչընդոտելու գործին, այլ հանցագործության մասին խոսք լինել չի կարող»,- ասաց Ծառուկյանը։
Նա վստահեցրեց՝ նոր գլխավոր դատախազի փոփոխությամբ պայմանավորված մոտ օրերս նախատեսվում է, որ կլինեն շատ ձերբակալություններ, և փաստաբաններն ավելի ակտիվ են սկսելու գործել։ Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով էլ փորձում են իրենց համայնքի վրա ճնշում գործադրել։
Փաստաբան Լուսինե Վիրաբյանն էլ նշեց՝ Էրիկ Ալեքսանյանի կալանավորումը միայն նրա խնդիրը չէ, այլ ողջ փաստաբանական համայնքի։ Նրա խոսքով՝ իրենց գործըները իրականացրել է օրենքով սահմանված դատավարական գործողություն, իսկ այն, ինչ կատարել է Ալեքսանյանը, որակվում է որպես կաշառքի օժանդակում, ինչը չի համապատասխանում իրականությանը։
 

  • Կիսվել: