Փաստաբանական ծառայությունների հարկումը ոչ պատշաճ երևույթ է․Բաբայան
Փաստաբանական ծառայությունների հարկումը դիտարկում ենք ոչ պատշաճ երևույթ, այն խնդրահարույց է ՀՀ իրավական օգնություն ակնկալող յուրաքանչյուր քաղաքացու համար, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։
«Փաստաբանական համայնքն ակտիվ գործողություններ է իրականացրել և մանրամասն ներկայացրել են, թե փոփոխված օրենքն ինչ հետևանքներ է ունենալու այն քաղաքացու համար, որը հայցում է իրավաբանական օգնություն»,-ասաց Սիմոն Բաբայանը՝ նշելով, որ հանդիպել են թե օրենսդիր, թե գործադիր մարմնի ներկայացուցիչների հետ, ներկայացրել են իրենց մտահությունները, սակայն, որևէ արդյունքի չեն հասել։
«Սահմանադրական դատարան բողոք է ներկայացվել, վարույթ ընդունվելու մասին որոշում դեռ չունենք։ 1212 փաստաբան հանրագիր է ստորագրել, որով առաջարկել են, որպեսզի փաստաբանական ծառայություններն ազատվեն ավելացված արժեքի հարկից, իսկ փաստաբանանների կողմից մատուցվող անվճար իրավաբանական օգնությունն առհասարակ ազատվի հարկից։ Այդ հանրագրի պատասխանն էլ դեռ չունենք և այսօր օրենքը կիրառվում է»,-ասաց Բաբայանը։
Փաստաբանների պալատի նախագահը ներկայացրեց 2025թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի առաջացրած խնդիրները։
«Իրավիճակը խնդրահարույց է»,-հայտարարեց Սիմոն Բաբայանը։