Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կալանավորվեց
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին կալանավորելու Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը։
Ավելի վաղ Բարձրագույն դատական խորհուրդը համաձայնություն էր տվել Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել և զրկել անձեռնմխելիությունից: Դատավորը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու և ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու համար:
Ավելի ուշ դատարանի որոշմամբ կալանավորվել է նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
Նա մեղադրվում է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին օժանդակելու համար: Վարույթն առնչվում է քրեական հեղինակություններից մեկին:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրից բերման էին ենթարկել Էրիկ Ալեքսանյանին։ Հանրային հնչեղություն ունեցող քրեական վարույթներով պաշտպան հանդիսացող փաստաբանը մեղադրվում է պաշտոնատար անձի կողմից լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։