հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Պաշտպանը միջնորդեց հետաձգել Պողոս Պողոսյանի դիակի արտաշիրիմում կատարելու միջնորդությունը (տեսանյութ)

Պաշտպանը միջնորդեց հետաձգել Պողոս Պողոսյանի դիակի արտաշիրիմում կատարելու միջնորդությունը (տեսանյութ)

Երևանի քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, այսօր շարունակվում է շուրջ 25 տարի առաջ Առագաստ սրճարանում տեղի ունեցած, Պողոս Պողոսյանի սպանության գործի քննությունը:

«Պրիվետ Ռոբ» արտահայտությունից հետո Առագաստ սրճարանում 24 տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով հանրային մեղադրող Ծովակ Մնացականյանն այսօր ներկայացրեց Պողոսյանի դիակի արտաշիրիմում կատարելու և կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու միջնորդություն: Մեղադրողը նաև ներկայացրեց այն հարցերի շրջանակը, որոնք պետք է նոր փորձաքննությամբ առաջադրվեն փորձագետներին:

Հիշեցնենք, որ Պողոս Պողոսյանը սպանվել է 2001 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը։ Այդ օրը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել է սրճարան և, ըստ գործում առկա տվյալների, Պողոս Պողոսյանը, նրան տեսնելով, ասել է՝ «պրիվետ, Ռոբ», ինչն էլ դարձել է Քոչարյանի թիկնապահների հետ վիճաբանության պատճառ։ Դեպքի առթիվ 2001 թվականին քրեական գործ է հարուցվել ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով, այսինքն՝ հանցավոր անփութությամբ անզգույշ սպանություն կատարելը, Աղամալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել։ Դեպքի վերաբերյալ, սակայն, Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Դատախազությանն ուղարկված դիմումով նոր հանգամանքներ են ներկայացրել Սթիվեն Նյուտոնի ներկայացուցիչները:

Ըստ Դատախազության՝ Նյուտոնի հայտարարությունն առերևույթ վկայում է Պողոս Պողոսյանին կյանքից ոչ թե անզգուշությամբ զրկվելու, այլ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով դիտավորությամբ սպանության մասին:

Այսպիսով, Պողոս Պողոսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով կայացված դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վերանայելու համար Երևան քաղաքի դատախազությունում հարուցվել է համապատասխան վարույթ, ապա գլխավոր դատախազի տեղակալը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան՝ նոր երևան եկած հանգամանքների հիմքով գործը վերանայելու և 2002թ. փետրվարի 21-ի դատավճիռն ամբողջությամբ բեկանելու պահանջով։

Բողոքը բավարարվել է, գործն ուղարկվել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

  • Կիսվել: