շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
 Փաշինյանի հայտարարությունը մտնում է քրեաիրավական տիրույթ․ Վարդևանյան

Փաշինյանի հայտարարությունը մտնում է քրեաիրավական տիրույթ․ Վարդևանյան

Հանրային ծառայողներին և ՀՀ քաղաքացիներին պետք է հորդորել, որ պատվաստվեն։ Բայց ասել՝ եթե դու չես պատվաստվել, քեզ աշխատանքից պետք է հանեն, ու ամեն մեկդ գլխով էլ պատասխան եք տալու, սա արդեն ոչ թե իրավաչափության սահմաններից է դուրս, այլ արդեն մուտք է գործում դեպի քրեաիրավական տիրույթ։ Կառավարության վերջին նիստին Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարության վերաբերյալ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ 

Նշենք, որ Ն․ Փաշինյանը հայտարարել էր, որ պետական համակարգում չպետք է լինի մարդ, որը պատվաստված չլինի։

«Ես, օրինակ, կարծում եմ՝ դատախազությունը պետք է առնվազն դիտարկի այդ հայտարարության քրեաիրավական առնչության հարցը, որովհետև չկա որևէ պաշտնյա, որը հանրային ծառայողին կարող է ասել՝ եթե դու սա չարեցիր, ընդ որում, դա օրենքով նախատեսված չէ, ուրեմն քեզ պետք է գործից հանենք։ Չէ՞ որ, ի վերջո, կարող է լինել իրավիճակ, որ հանրային ծառայողներից մեկն ունենա պատվաստման հակացուցում, որ, ենթադրենք, պատվաստվելուց հետո շատ ավելի բարդ իրավիճակ ստեղծվի», - ընդգծեց պատգամավորը։

Նա հիշեցրեց նաև, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր հերթին է նման դեպքերը բացառություն համարում։
 

«Ի՞նչ է նշանակում՝ բոլորը պետք է լինեն պատվաստված, թե չէ՝ գլխով են պատասխան տալու։ ԵԽԽՎ բանաձևն էլ հենց վերջերս է ընդունվել, որ հարկադրանքի լեզուն բացառվում է», - ասաց Արամ Վարդևանյանը։

  • Կիսվել: