չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Պարզվել են Շենգավիթի ռեստորանային համալիրներից մեկի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի հանգամանքները․ ՔԿ

Պարզվել են Շենգավիթի ռեստորանային համալիրներից մեկի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի հանգամանքները․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են 2019 թվականին Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցում գործող ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք  հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևանի երկու բնակիչներ, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2019 թ. օգոստոսի 25-ին իրենց կողմնակիցներով հանդիպել են Շենգավիթ վարչական շրջանում գործող ռեստորանային համալիրում՝ մինչ այդ տեղի ունեցած միջադեպի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով:

Երևանի 45-ամյա բնակիչը, հանդիսանալով պայմանավորվածության ձեռք բերած հիշյալ տղամարդկանցից մեկի մտերիմը և նախապես տեղյակ լինելով հանդիպման մասին, իր հետ վերցնելով ապօրինի ձեռք բերված հրազեն հանդիսացող 9 մմ տրամաչափի ատրճանակ, գնացել է վերոհիշյալ ռեստորանային համալիր: Կողմերի միջև հանդիպումը վերածվել է վիճաբանության և ծեծկռտուքի, որը շարունակվել է համալիրից դուրս՝ Ե.Թադևոսյան փողոցի բանուկ հատվածում:

Վիճաբանության մասնակիցները և 45-ամյա տղամարդը, իրենց մոտ եղած հրազենների գործադրմամբ՝ կրակոցներ արձակելով, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, անհարգալից վերաբերմունք դրսևորելով փողոցում գտնվող անձանց նկատմամբ:

Այդ ընթացքում 45-ամյա տղամարդը, շարունակելով խուլիգանական գործողությունները, արհամարհական վերաբերմունք դրսևորելով փողոցում և ռեստորանում հավաքված այլ անձանց նկատմամբ, ապօրինի ձեռք բերված վերոնշյալ ատրճանակից կրակոցներ է արձակել մասնակիցներից մեկի և վերջինիս որդու ուղղությամբ, նրանցից մեկին պատճառելով միջին ծանրության, իսկ մյուսին՝ կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ, որից հետո տղամարդը  դիմել է փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի 45-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների 1-ին մասերով և 258-րդ (Խուլիգանությունը) հոդվածի 4-րդ մասով:

Նրա վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, որի նախաքննությունն  ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: