կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պարեկային ծառայությունը որպես բարեփոխման ոլորտ հաջողված է. Գլխավոր դատախազ

Պարեկային ծառայությունը որպես բարեփոխման ոլորտ հաջողված է. Գլխավոր դատախազ

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ոստիկանության համակարգում որպես բարեփոխում հաջողված է համարում Պարեկային ծառայության ներդրումը, ծառայությունը նաև կանխարգելիչ նշանակություն է ունենում՝ տարբեր հանցագործությունների համար:

Աննա Վարդապետյանը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկմանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի տեսակետին՝ թե ոստիկանական բարեփոխումները ձախողվել են, սխալ ուղու վրա են:

Ոստիկանության բարեփոխումներն իրականացվում են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ պարեկային ծառայության ներդրման ձևաչափով: «Եվ, այո, պարեկային ծառայությունը որպես բարեփոխման ոլորտ հաջողված է: Տարբեր հանցագործությունների բացահայտման տեսանկյունից Պարեկային ծառայությունը և կանխարգելիչ նշանակություն է ունենում, և բացահայտման տեսանկյունից կարևոր տեղեկատվություն է տալիս մինչդատական վարույթին»,-ասաց Վարդապետյանը:

Նա կարևորեց նաև Ջրային պարեկային ծառայության ներդրումը, քանի որ Սևան ազգային պարկում ձկնագողության և տարբեր տեսակի օգտակար հանածոների ապօրինի արդյունահանման հետ կապված խնդիր կա:

«Բոլոր բարեփոխումները, այդ թվում կիբերհանցավորության ոլորտում իրականացվում են շարունակաբար: Դա է պատճառը, որ ես պնդում եմ, որ բարեփոխումները ճիշտ է իրականացնել: Դրանք պետք է իրականացնել համագործակցված»,-ասաց Վարդապետյանը:

  • Կիսվել: