շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Փարաքարում տեղի ունեցած միջադեպի հետևանքով բերման է ենթարկվել 9 անձ

Փարաքարում տեղի ունեցած միջադեպի հետևանքով բերման է ենթարկվել 9 անձ

Փարաքարի ավագանու նիստի ընթացքում այսօր տեղի ունեցած միջադեպի հետևանքով ինը անձ բերման է ենթարկվել՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով։ Այս մասին InfoPort.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։ Միջադեպի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Նշենք, որ Համայնքապետարանում կրկին լարված իրավիճակ էր. հերթական անգամ ավագանու նիստ էր գումարվել համայնքապետ ընտրելու համար, սակայն այն ընդամենը մի քանի րոպե տևեց, քանի որ ավագանու անդամները նիստը վարողի հետ կապված համաձայնության չեն եկել:

Նիստը սկսվեց միջադեպով: Համայնքապետարանի բակում  հավաքվել էին «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուի աջակիցները եւ ցանկանում էին մտնել համայնքապետարան, ինչը թույլ չտվեցին ոստիկանները:

Ավելի ուշ «Դավիթ Մինասյան» դաշինքի ավագանու անդամ Գոռ Սարիբեկյանը հայտնեց, որ Փարաքար համայնքում «Ապրելու երկիրը», «Դավիթ Մինասյան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները որոշում են կայացրել հետագա հինգ տարիներին համատեղ կառավարում իրականացնել:    

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ եւ 10 ձայնով իրենց թեկնածուին՝ Վոլոդյա Գրիգորյանին ընտրել էր համայնքի ղեկավար: 

Ավագանու մնացած 11 անդամներն էլ համայնքապետ էին ընտրել «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածու Դավիթ Մինասյանին:

Դեկտեմբերի 23-ին «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները հավաքվել էին Փարաքարի մշակույթի տան բակում, որտեղ պետք է տեղի ունենար իրենց թեկնածուի երդմնակալությունը, սակայն  ոստիկանները նրանց թույլ չէին տվել մտնել շենք։ Նույն օրը «Դավիթ Մինասյան» դաշինքը դատարան հայց էր ներկայացրել ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Դեկտեմբերի 30-ին դատարանը որոշել էր անվավեր ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները:

  • Կիսվել: