շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պահանջում եմ պատասխանատվության ենթարկել իրական մեղավորներին՝ Ալիկ Սարգսյանի եղբորն ու վարորդին․ նոր մանրամասներ խոշտանգման հայտնի տեսանյութի գործով (տեսանյութ)

Պահանջում եմ պատասխանատվության ենթարկել իրական մեղավորներին՝ Ալիկ Սարգսյանի եղբորն ու վարորդին․ նոր մանրամասներ խոշտանգման հայտնի տեսանյութի գործով (տեսանյութ)

2019 թվականի նոյեմբերին համացանցում տարածված քաղաքացիական հագուստով անձանց կողմից ոստիկանական բաժանմունքում քաղաքացուն խոշտանգելու վերաբերյալ տեսանյութի հիման վրա հարուցված քրեական գործն արդեն դատարանում է, գրումէ  1in.am-ը:

Այդ գործով մեղադրանք է առաջադրվել Արաբկիրի ոստիկանության նախկին աշխատակիցների, սակայն Արարատի մարզի Կանաչուտ գյուղի բնակչուհի Անուշ Հովսեփյանը պնդում է, որ քրեական գործով կեղծ քննություն է գնացել, կեղծ մեղադրյալներ են ներգրավվել, քանի որ ոստիկանության բաժանմունքում ծեծի ենթարկված քաղաքացին իր որդին է՝ Վարազդատ Հովհաննիսյանը, որը ներկայումս դատապարտված է և գտնվում է բանտում։ Իսկ իր որդուն ծեծի ենթարկողները նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եղբայրն է՝ Անդրանիկ Սարգսյանը, նրա վարորդը և ևս երկու ոստիկաններ։

Հիշեցնենք, որ 2019 թվականի նոյեմբերին համացանցում մի տեսանյութ տարածվեց, որում քաղաքացիական հագուստով անձինք ոստիկանական բաժանմունքում խոշտանգում են մի քաղաքացու և փորձում այդ եղանակով ցուցմունք կորզել։ Ծեծին մասնակից անձինք մահակներով ուժգին հարվածներ են հասցնում քաղաքացուն, ապա հակագազ են հագցնում և սկսում ծեծի ենթարկել։ Տեսանյութի հրապարակումից հետո տարբեր մեկնաբանություններ եղան, վարկածներ շրջանառվեցին։

Անուշ Հովսեփյանը պնդում է, որ ծեծի ենթարկվողը իր որդին է։ Նա ավելի վաղ մեզ մանրամասներ էր պատմել, ըստ որի՝ 1995 թվականին իրենք Հայաստանից՝ Կանաչուտ գյուղից տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնություն, բնակվել այնտեղ, սակայն 2000 թվականին իր որդին՝ Վարազդատը, վերադարձել է Հայաստան բանակի հարցերը լուծելու համար։ Վարազդատը ՌԴ-ում գողության համար պայմանական դատապարտված է եղել, դրա համար էլ Հայաստանում նրան բանակ չեն տարել, և նա մնացել է Հայաստանում։ Դեպքի օրը՝ մայիսի 24-ին, դպրոցի ավարտական՝ Վերջին զանգի օրվա հետ կապված, գյուղում տոնակատարություն է եղել, Վարազդատը հարևանի հետ ևս քեֆ է արել, խմել են։ Տիկին Անուշի պատմելով՝ հարևանի ամուսինը պնդել է, որ էլի խմեն, բայց գումար չեն ունեցել, ու իր որդին գիշերը ուշ ժամի գնացել է հարևանի՝ Ասյայի տուն գումար խնդրելու։ Ասյան գումար չի տվել։ Վարազդատը պնդել է, որ գումար տա, որպեսզի գնան խմեն։ Ասյան խոհանոցի դանակը վերցրել է ու, դանակը ցույց տալով, պահանջել, որ Վարազդատը գնա։ Հետո վերջինս հրում է ծեր կնոջը, որի հետևանքով նա ընկնում է և գլուխը հարվածելով՝ մահանում է։

Անուշ Հովսեփյանի խոսքերով՝ այս պատմությունը ճոխացվել է, պատահական մահը դարձել է դանակով սպանություն, քանի որ այդ ժամանակ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եղբայրը՝ Անդրանիկ Սարգսյանը, աչք ուներ Կանաչուտ գյուղում իրենց մեծ տան վրա և ուզում էր տունն իրենով անել, ինչպես Կանաչուտում շատ նման տներ ու տարածքներ: Բայց իրենք մերժել են, ինչի հետևանքով էլ Վարազդատ Հովհաննիսյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման և ներկայումս էլ գտնվում է բանտում։

Անուշ Հովսեփյանը կատարված «կեղծ քննության» մասին նամակով տեղեկացրել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին ու ԱԱԾ տնօրենին։ Նա իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրել «Առաջին լրատվական»-ի այս տարվա փետրվարի հրապարակման վրա, որտեղ մենք գրել էինք այդ միջադեպի մանրամասները։ Տիկին Հովսեփյանի խոսքերով՝ նյութի հրապարակումից հետո փոխանակ դադարեցվեր կեղծ, շինծու քրեական գործով քննությունը և ընթացք տրվեր հրապարակման մեջ նշված մանրամասներին, և իրական մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ իրական քայլեր կատարվեին, որի հետևանքով իր որդին պետք է տուժող ճանաչվեր, նորից ինչ-որ նախկին ոստիկաններ են ներգրավում այդ գործով։

Անուշ Հովսեփյանը վարչապետից ու իրավապահ մարմինների ղեկավարներից պահանջել է վերականգնել արդարությունը, որպեսզի պատժվեն իրական մեղավորները, այլ ոչ թե անձինք, որոնք կապ չունեն իր որդու խոշտանգման հետ։ «Ես կրկին պնդում եմ, խնդրում և պահանջում եմ, որ իմ այս ասածները ընդունվեն որպես հաղորդում հանցագործության մասին։ Իմ ասածների ապացույցը հայտնի տեսանյութն է, որում խոշտանգվող քաղաքացին իմ որդին է։ Սուտ ու կեղծիք է, թե իբր տեսանյութում խոշտանգվողը ոմն Արմեն Մարտիրոսյանն է։ Չգիտեմ՝ ինչու է ՀՔԾ-ին ձեռնտու կեղծ տուժող ներգրավել այս գործում։ Խնդրում եմ դադարեցնել այդ կեղծ քննությունը և հարուցել իրական քրեական գործ, իրական տուժողով և իրական կատարողներով։ Զգուշացնում եմ՝ չեմ լռելու, եթե տեսանյութի հիման վրա իրական քրեական գործ չհարուցվի, ես դիմելու եմ ծայրահեղ քայլերի»,- վարչապետին և ուժային կառույցի ղեկավարներին ուղղված նամակում գրել է Անուշ Հովսեփյանը։

 

  • Կիսվել: