շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պահանջել ենք առերես հարցաքննություններ Գեւորգ Սիմոնյանի դեմ ցուցմունք տված անձանց հետ․ պաշտպան

Պահանջել ենք առերես հարցաքննություններ Գեւորգ Սիմոնյանի դեմ ցուցմունք տված անձանց հետ․ պաշտպան

Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը, որին մեղսագրվում է Առողջապահության փոխնախարար եղած ժամանակ իր ծառայողական պարտականությունները չկատարը, ինչն էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Էմին Խաչատրյանը։

«Ներկայացված որեւէ փաստական տվյալ, որը կհիմնավորի Գեւորգ Սիմոնյանի առնչությունն իրեն մեղսագրվող արարքին, չկա։ Մեղադրանքում տեղ գտած ձեւակերպումներն իրականության հետո որեւէ աղերս չունեն, չեն արտացոլում օբյեկտիվ իրականությունը, չեն բխում գործի ներկայացրած նյութերից»,- ասաց Խաչատրյանը։

Խաչատրյանի խոսքով՝ Սիմոնյանին նախկինում հարցաքննության չեն կանչել, խուզարկությունն անակնկալ է եղել։ Խուզարկություն է անցկացվել նաեւ տանը, սակայն ոչ տանը, ոչ էլ աշխատասենյակում որեւէ փաստական տվյալ չի հայտնաբերվել։

«Կատարվածը նորմալ չէ։ Իրեն կարող էին հրավիրել հարցաքննության, հետագայում նոր իրավական գնահատական տալ, հենց դրա արդյունքում է, որ իրավական գնահատականը չի համընկնում օբյեկտիվ իրականության հետ։ Մենք պահանջել ենք առերես հարցաքննություններ Գեւորգ Ներսիսյանի դեմ ցուցմունք տված անձանց հետ, սակայն նման բան դեռեւս չի կազմակերպվել, գրեթե համոզված եմ, որ պատճառն այն է, որ այդպիսի անձինք գոյություն չունեն»,- ընդգծեց Խաչատրյանը։

Նշենք, որ հակակոռուպցիոն կոմիտեն Գեւորգ Սիմոնյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։

«Դատարանը մեր միջնորդությամբ նիստը հետաձգել է մինչեւ 19։00-ն, քանի որ մոտ 2000 էջ փաստաթուղթ է տրամադրված եւ ֆիզիկապես այդ փաստաթղթերին ծանոթանալ, վերլուծել, հնարավոր չէ։ Ամեն դեպքում Սիմոնյանը խուզարկությունների ընթացքում ցույց է տվել պատճաշ վարքագիծ, մասնակցել է դատավարական եւ քննչական բոլոր գործողություններին, եւ ասել, որ ապագայում կարող է ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորել եւ կալանավորել, առնվազն տրամաբանական չէ»,- ասաց Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 10-ին, ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի աշխատասենյակում։ Նա ավելի ուշ ձերբակալվել էր։

  • Կիսվել: