ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ովքե՞ր են Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուները, ի՞նչ գույք ու եկամուտներ ունեն նրանք

Ովքե՞ր են Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուները, ի՞նչ գույք ու եկամուտներ ունեն նրանք

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու են առաջադրվել երկու դատավոր՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանը և Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը։

Իրավաբան.net-ը ներկայացնում է նրանց կենսագրությունները, գույքն ու եկամուտները։

 

Արման Կուրեխյանը ծնվել է 1974 թվականին Իջևան քաղաքում:

  • 1991 թվականին ընդունվել և 1996 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը` ստանալով իրավաբանի որակավորում:
  • 2000 թվականից եղել է ՀՀ Փաստաբանների միության, այնուհետ` ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան:
  • 2000 թվականից մինչև 2004 թվականն աշխատել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ում՝ որպես ծրագրի փաստաբան:
  • 2006 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամում՝ որպես իրավաբան:
  • 2008 թվականից մինչև աշխատել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
  • ԲԴԽ-16-Ո-30 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հուլիսի 4-ի հրամանագրով նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:
  • 1996 թվականից մինչև 1998 թվականը ժամկետային զինվորական ծառայություն է անցել ՀՀ Զինված ուժերում:
 

2011 թվականին, երբ Արման Կուրխյանը պաշտոնավարելիս է եղել որպես Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, նրա եկամուտները կազմել են 7 միլիոն 30 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից և ստացված փոխառություններից։

2012-ին եկամուտները կազմել են 7 միլիոն 159 հազար դրամ, որը ստացվել է 2 աշխատավարձից և 2 փոխառությունից։

2013 թվականին նրա դրամական միջոցները կազմել են 2 միլիոն դրամ, եկամուտները կազմել են 6 միլիոն 927 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից և ստացված փոխառություններից։

2014 թվականին դրամական միջոցները փոքր ինչ նվազել են՝ կազմելով 1 միլիոն 700 հազար դրամ, իսկ եկամուտը՝ շուրջ 5,5 միլիոն դրամ, ինչն էլ ստացվել է աշխատավարձից։

2015 թվականին դատավորի դրամական միջոցները կազմել են 2 միլիոն 300 հազար դրամ, եկամուտները՝ 7 միլիոն 255 հազար դրամ, որը ստացվել է 2 աշխատավարձերից և փոխառությունից։

2016-ին Արման Կուրախեյանի դրամական միջոցները կազմել են 2,5 միլիոն դրամ, եկամուտները՝ 7,2 միլիոն դրամ, որը ստացվել է 2 աշխատավարձից և 3000 դոլար, որն էլ ստացվել է փոխառությունից։

2017 թվականին նրա դրամական միջոցները հասել են 4,5 միլիոն դրամի, եկամուտները՝ 9 միլիոն 56 հազար դրամի, որն էլ ստացվել է աշխատավարձից և փոխառությունից։

2018 թվականի հուլիսի 4-ին Արման Կուրեխյանը ստանձնել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը։ Այդ ժամանակ նա հայտարարագրել է՝

  • 1 բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում՝ Իջևանում,
  • 4,5 միլիոն դրամ,
  • 3 միլիոն 324 հազար դրամ եկամուտ՝ ստացված 2 աշխատավարձից։

Արդեն 2018 թվականի տարեկան հայտարարագրում նրա դրամական միջոցները փոքր ինչ նվազել են՝ կազմելով 4,2 միլիոն դրամ, եկամուտները կազմել են 7 միլիոն 627 հազար դրամ՝ ստացված աշխատավարձերից։

 

2019 թվականին ներկայացրած հայտարարագրի համաձյան Արման Կուրեխյանը համատեղ սեփականությամբ ունի բնակարան Իջևանում, ինչը ձեռք է բերել դեռևս 1997 թվականին։ Նրա դրամական միջոցները տարվա վերջին կանխիկ դրամով կազմել են 2,3 միլիոն դրամ։ Եկամուտները կազմել են 10 միլիոն 800 հազար դրամ, ինչն էլ ստացվել է աշխատավարձից։ Հայտարարագրում նշվում է նաև, որ Արման Կուրեխյանը անդամակցում է Դատավորների հայկական ասոցիացիային և Դատավորների միությանը։

Արման Կուրեխյանի կինը՝ Վարդուհի Սարգսյանը 2019 թվականին հայտարարագրել է․

  • Ավտոտնակ Երևանում,
  • 2 ավտոմեքենա՝ Mercedes-Benz մակնիշի՝ 2000 և 2008 թվականների արտադրության, որոնցից մեկը ձեռք է բերվել 3 միլիոն դրամով, մյուսը վաճառվել 1 միլիոն դրամով,
  • 7000 դոլար,
  • 480 հազար ռուբլի, որը նվիրատվություն է ստացել։

Դատավորի անչափահաս դստեր՝ Միլենա Կուրեխյանի 2017 և 2018 թվականին ներկայացրած հայտարարագրերում ոչինչ նշված չէ։

Հավելենք, որ դատավորի 2018 թվականի հայտարարագրում նշված էր 2 բնակարան, 2019 թվականի հայտարարագրում՝ 1 բնակարան՝ Իջևանում․ Իրավաբան.net-ը կապ հաստատեց նրա հետ, ճշտելու, թե որտե՞ղ է գտնվում 2-րդ բնակարնը, և ինչու՞ դրա մասին նշված չէ 2019 թվականի հայտարարագրում, ի պատասխան որի՝ դատավորը մեկնաբանեց, որ տեխնիկական վրիպակ է եղել և ինքն ունի մեկ բնակարան՝ Իջևանում, որը գնված է 1997 թվականին։

Երվանդ Խունդկարյանը ծնվել է 1972 թվականին Երևան քաղաքում։

 
  • 1994 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժինը։
  • 1993 թվականից մինչև 1994 թվականն աշխատել է ՀՀ գերագույն դատարանում՝ որպես քրեական գործերի դատական կոլեգիայի դատական նիստերի քարտուղար։
  • 1994 թվականից մինչև 1996 թվականը զբաղեցրել է ՀՀ գերագույն դատարանի օրենսդրության համակարգման և դատական պրակտիկայի ամփոփման բաժնի ավագ խորհրդատուի, ապա՝ ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի ավագ խորհրդատուի պաշտոնը։
  • 1998 թվականից մինչև 1999 թվականը եղել է ՀՀ գերագույն դատարանի ավագ խորհրդատու։
  • 1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանում՝ որպես դատավորի օգնական։
  • 2001 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ տնտեսական դատարանի դատավոր։
  • 2008 թվականի հունվարի 1-ից հանդիսացել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
  • 2008 թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր:
  • 2010 թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ։
  • 2010 թվականի հոկտեմբերի 28-ից մինչև 2014 թվականի օգոստոսի 1-ը հանդիսացել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի ուսումնական հանձնաժողովի նախագահ:
  • 2010 թվականից մինչև 2013 թվականը հանդիսացել է ՀՀ դատական դպրոցի կառավարման խորհրդի նախագահ:
  • 2013 թվականի սեպտեմբերի 20-ին ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ:
  • 2014 թվականի հուլիսի 25-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամ:
  • 2014 թվականի հուլիսի 31-ին ընտրվել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի նախագահ:
  • 2016 թվականին հանդիսացել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ:
  • 2017 թվականի դեկտեմբերի 22-ին ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ:
  • 2018 թվականին հանդիսացել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ:
  • 2018 թվականի հուլիսի 20-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀվճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ՝ 6 տարի ժամկետով:
  • ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 5-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով 2018 թվականի սեպտեմբերի 13-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրվել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ՝ 6 տարի ժամկետով:
  • 2020 թվականի հունվարի 25-ին ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ:
  • 2017 թվականի ապրիլի 28-ին ՀՀ դատավորների միության ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է «Հայաստանի Հանրապետության դատավորների միություն» հասարակական կազմակերպության նախագահ:

Այլ տեղեկություններ

  • 1996 թվականից մինչև 1998 թվականը ծառայել է ՀՀ զինված ուժերում:
  • 2014 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով, ՀՀ Անկախության տոնի առթիվ, դատական համակարգի զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:
  • 2017 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ Նախագահի հրամանագրով, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար շնորհվել է ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:
  • 2020 թվականի հունվարի 18-ին Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դատական համակարգերի համագործակցության ամրապնդման գործում ներդրած մեծ ավանդի համար պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մխիթար Գոշ» մեդալով:

2011 թվականին ներկայացրած հայտարարագրի համաձայն, Երվանդ Խունդկարյանը, երբ զբաղեցնում էր ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահի պաշտոնը, նրա դրամական միջոցները կազմել են 6000 դոլար և 7 միլիոն դրամ։ Եկամուտները կազմել են 9 միլիոն 204 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից։

2012 թվականին նրա դրամական միջոցները զգալի բարձրացել են՝ կազմելով 6000 դոլար և 12 միլիոն դրամ, եկամուտը ստացվել է աշխատավարձից՝ 9 միլիոն 455 հազար դրամ։

2013-ին դատավորի դրամական միջոցները կրկին ավելացել են՝ կազմելով 6000 դոլար և 16 միլիոն դրամ, եկամուտը ստացվել է աշխատավարձից 9 միլիոն 785 հազար դրամ։

2014 թվականին Խունդկարյանը հայտարարագրել է 10 միլիոն դրամ արժողությամբ LEXUS GX 470 մակնիշի ավտոմեքենա։ Նույն տարում նա 3 միլիոն 300 հազար դրամով օտարել է GAZ 3110 մակնիշի ավտոմեքենան։ Նրա դրամական միջոցները մնացել են անփոփոխ՝ 6000 դոլար և 16 միլիոն դրամ։ Եկամուտները կազմել են 22 միլիոն 911 հազար դրամ, որը ստացվել է 2 աշխատավարձերից, փոխառությունից, գույքի օտարման դիմաց ստացած վճարից։

2015-ին Երվանդ Խունդկարյանի դրամական միջոցները մնացել են նույնը, եկամուտները կազմել են 11 միլիոն 708 հազար դրամ, որը ստացվել է 2 աշխատավարձերից։

2016 թվականին նրա դրամական միջոցներն ավելացել են՝ կազմելով 6000 դոլար, 22 միլիոն դրամ։ Եկամուտները կազմել են 11 միլիոն 816 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձերից։

2017 թվականին Խունդկարյանի դրամական միջոցները կրկին ավելացել են՝ կազմելով 6000 դոլար, 19 միլիոն դրամ։ Եկամուտները կազմել են 12 միլիոն 357 հազար դրամ, որը ստացվել է 3 աշխատավարձերից, այլ եկամուտից և ևս 297 եվրո, որը ևս ստացվել է այլ եկամուտից։

2018 թ-ին նա ստանձնել է վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը։ Նոր պաշտոնը ստանձնելիս հայտարարագիր չի ներկայացրել, իսկ տարեկան հայտարարագրի համաձայն նրա դրամական միջոցները մնացել են նույնը, եկամուտները կազմել են 12 միլիոն 72 հազար դրամ, որը ստացվել է 3 աշխատավարձերից և 1526 եվրո, որն էլ ստացվել է 2 այլ եկամուտից։

2019 թվականին Երվանդ Խունդկարյանի դրամական միջոցները բանկային հաշիվներում կազմել են 47 հազար դրամ, 60 եվրո, կանխիկ՝ 22 միլիոն դրամ, 6000 դոլար, ևս 2 միլիոն դրամ, որի սեփականատերն անչափահաս որդին է՝ Դավիթ Խունդկարյանը։ Նրա եկամուտները կազմել են 17 միլիոն 128 հազար դրամ, որը ստացվել է 3 աշխատավարձերից, 2 միլիոն դրամ նվիրատվություն է ստացել Անիկ Արտաշի Բաղդասարյանից, 1612 եվրո, որն էլ ստացվել է Եվրոպայի խորհրդից։

Նրա հայտարարագրում նշվում է նաև, որ Հայաստանի Հանրապետության Դատավորների Միություն հասարակական կազմակերպության նախագահն է։

Երվանդ Խունդկարյանի կինը՝ Ռուզաննա Գևորգյանը 2011-2019 թվականներին հայտարարագրել է 4 միլիոն դրամ։

Դատավորի որդին՝ Հենրիկ Խունդկարյանի 2015, 2018, 2019 թվականներին ներկայացրած հայտարարագրում ոչինչ նշված չէ, դատարկ է նաև նրա մյուս որդու՝ Դավիթ Խունդկարյանի 2017, 2018 թվականներին ներկայացրած հայտարարագրերը։

Այսպիսով․ 2019 թվականի դրությամբ Արման Կուրեխյանի աշխատավարձից և այլ աղբյուրներից ստացված կազմում են 10 միլիոն 800 հազար դրամ, իսկ խնայողությունները՝ 2,3 միլիոն դրամ։ Երվանդ Խունդկարյանի խնայողությունները կազմում են 24 միլիոն դրամ և 6000 դոլար, աշխատավարձից և այլ աղբյուրներից ստացած եկամուտները՝ 19 միլիոն 128 հազար դրամ և 1612 եվրո։

 
 

  • Կիսվել: