ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
 Ոտնահարվել են Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) իրավունքները. դատարանը քննում է փաստաբանների բողոքը (տեսանյութ)

Ոտնահարվել են Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) իրավունքները. դատարանը քննում է փաստաբանների բողոքը (տեսանյութ)

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօր՝ մայիսի 20–ին քննվում էր «Վստրեչի Ապեր» անունով հայտնի՝ Արամ Վարդանյանի տան խուզարկության վերաբերյալ բողոքի քննությունը, գրում է news.am-ը:

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ներկայացրեց իրենց բողոքը։

Նա շեշտեց, որ Արամ Վարդանյանի տան խուզարկության ընթացքում կատարվել են ապօրինություններ, եւ որ տան խուզարկությունը կատարվել է առանց դատարանի որոշման։

«Կարծում ենք, որ առկա պայմաններում անձի իրավունքները հանցավոր արարքների հետեւանքով ոտնահարվել են։ Ներկայացված հաղորդումը, ինչպես նաեւ ԶԼՄ-ներով հրապարակված տեղեկությունները հիմք էին տալիս անհապաղ քրեական գործ հարուցելու համար։ Եթե դատախազության տեսակետից քրեական գործ հարուցելու համար անհրաժեշտ հիմքերի առկայություն կար, ապա այս ը ուներ լրացուցիչ ուղղման կարիք, ապա այս պարագայում պետք է քրեական գործ հարուցվեր եւ ուղարկվեր ՀՔԾ։ Անձանց բնակարանների անձեռնմխելիության իրավունքի, վատ վերաբերմունքի բացառմամբ, սեփականության իրավունքի խախտմամբ, ակնհայտ փաստերի վերաբերյալ փաստացի հրաժարվում են արդյունավետ քննություն իրականացնելուց բնակարանի անձեռնմխելիության իրավունքի ապահովման, ինչպես նաեւ այդ իրավունքների խախտման փաստով արդյունավետ քննություն իրականացնելու համար։ Եզրակացություն այն մասին, որ դիտարկվող միջամտությունը չի եղել օրենքով սահմանված, բավարար է, որ դատարանը որոշում կայացնի Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտման մասով։ Հետեւաբար պարտադիր չէ քննարկել այն հարցը՝ արդյոք միջամտությունը հետապնդե՞լ է օրինական նպատակ եւ արդյոք այն եղե՞լ է անհրաժեշտ ժողովրդավարական հասարակություն։ Քաղաքացիները պետք է պաշտպանված լինեն Ոստիկանության կողմից՝ իրենց բնակարան ոչ իրավաչափ ներխուժման վտանգից»։

Անդրադառնալով տան խուզարկության ընթացքում ոստիկանների կողմից հրազենը մերկացնելուն՝ Վարոսյանը նշեց, որ ոստիկանը կարող է հրազենը մերկացնել միայն անհրաժեշտություն դեպքում, մինչդեռ տվյալ դեպքում նման անհրաժեշտություն չի եղել։

Դատախազը նշեց, որ Ոստիկանությունն իրականացրել է ծառայողական քննություն, եւ ձերբակալման գործողության ընթացքում ձերբակալման նպատակով բնակարան մուտք գործելու ընթացքում ոստիկանության գործողություններում խախտումներ չի հայտնաբերվել. «Սակայն ծառայողական քննության ընթացքում հաստատվել է, որ, այնուամենայնիվ, բնակարանում եղած առարկաներն անհետացել են։ Դրանց վերաբերյալ ձեռք են բերվել տվյալներ եւ ներկայացվել են ՀՔԾ ,եւ ՀՔԾ-ում գողության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել»։

Դատախազը անդրադառնալով Վճռաբեկ դատարանի նախադեպային 2 որոշումներին շեշտեց, որ հանցագործության մասին ներկայացված ամեն հաղորդում չէ, որ պետք է ստուգման ենթարկել։

Նախագահող դատավորի հարցին՝ արդյոք դատախազը համաձա՞յն է, որ սա հանցագործության մասին հաղորդում է, դատախազը պատասխանեց. «Հաստատվել է գողության մասով, որ կա խախտում»։

Անդրադառնալով Արամ Վարդանյանի 5-ամյա թոռնուհու ներկայությամբ ատրճանակների մերկացմանը եւ խուզարկության գործողություններին, դատախազն ասաց, որ դրա առնչությամբ իրականացվում է լրացուցիչ ստուգում։

Դատարանը հարց ուղղեց դատախազին. «Արդյոք դատարանը ճիշտ ընկալե՞ց, որ դատախազությունն ի վիճակի չէ որոշում կայացնել առանց ոստիկանության կողմից լրացուցիչ գործողություններ կատարելու»։

Դատախազն էլ ասաց, որ դա միանշանակ այդպես չէ։

Դատավորը հարցրեց՝ արդյոք խուզարկության ժամանակ եղե՞լ են քաղաքացիական հագուստով անձինք, դատախազը պատասխանեց, որ տեղյակ չէ. «Ծառայողական քննության ընթացքում եթե պարզվեր, որ խուզարկությանը մասնակցել են ոչ միայն ոստիկանության աշխատակիցներ, ապա դրան պետք է գնահատական տրվեր»։

Դատավորի ճշտող հարցին՝ այդ դեպքում խուզարկության ժամանակ ովքե՞ր են եղել քաղաքացիական հագուստով անձինք, դատախազն ասաց, որ չգիտի։

Դատավորը հարց ուղղեց, եթե ձերբակալման նպատակով էր իրականացվում խուզարկությունը, ապա ո՞րն էր նպատակը բացելու փոքրիկ պահարանը, դատախազն ասաց, որ հենց այդ հանգամանքներից ելնելով՝ իրականացվել է ծառայողական քննություն։

Լուսինե Սահակյանն ասաց, որ իր Արամ Վարդանյանի բնակարանը խուզարկություն իրականացնողները վերածել էին քաոսի, քանդել էին տանը գտնվող գրեթե ցանկացած գույք. «Նույնիսկ բազմոցների բարձիկներն էին տեղահանված։ Ինչը հնարավոր էր այդ տանը տեղաշարժել, քանդել էին, կոտրել էին»։

Դատավորի հարցին՝ պատուհան կոտրելու ահրաժեշտությունն ինչո՞վ էր պայմանավորված, Սահակյանն ասաց. «Մեզ համար էլ է դա անհասկանալի։ Մենք ականատես ենք եղել, թե ինչպես էին հերթական դուռը կոտրում։ Երբ մենք ասում էին՝ ինչո՞ւ եք դուռը կոտրում, իրենք չէին արձագանքում, ասում էին՝ լավ ենք անում։ Այդ ամենը մեր աչքի առաջ է տեղի ունեցել եւ, բնականաբար, նրանք ոչ ոք այդտեղ չէին փնտրում, որովհետեւ փաստաբանները ներկայացել էին, եթե ձերբակալման որոշում ունեին, ապա մեզ պետք է ներկայացնեին այդ որոշումը. ասում էին՝ կիմանաք, կիմանաք, կամ լավ ենք անում»։

Լուսինե Սահակյանը հայտնեց, որ գողության հատկանիշներով հարուցված քրեական գործից իրենք տեղյակ են։ Սահակյանը նկատեց սակայն, որ գործն ուղարկվել է ըստ ենթակայության եւ ՀՔԾ-ն չի քննում այդ գործը, ինչը, ըստ Սահակյանի, ենթադրում է, որ այդ գողությունը չի կատարվել ոստիկանների կողմից։

Սահակյանը նշեց, որ խուզարկության ընթացքում տեղի ունեցած վատ վերաբերմունքի վերաբերյալ նույնպես քրեական գործ չի հարուցվել։ Նա հայտնեց, որ դա նույնպես պաշտպանական կողմը բողոքարկում է։

Անդրադառնալով տանը խուզարկություն իրականացնելու ընթացքում նաեւ հարեւան տներում խուզարկություն իրականացնելու անհրաժեշտությանը, դատախազը պատասխանեց. «Նախաքննական մարմինը չունի կաշկանդվածություն ՝ անձին այլ վայրերում փնտրելու համար, կարող են մուտք գործել ցանկացած վայր, որտեղ կարող է գտնվել անձը»։

Դատախազը հայտնեց, որ քննիչի կողմից եղել է կոնկրետ որոշում՝ Արա Վարդանյանին ձերբակալելու համար։

Լուսինե Սահակյանն դատարանին հայտնեց նաեւ, որ իրականացված ծառայողական քննության արդյունքներն իրենց չեն տրամադրվել եւ միջնորդեց ստանալ ծառայողական քննության նյութերը դատարանի միջոցով։

Դատարանի որոշմամբ՝ բողոքի քննությունը հետաձգվեց, քանի որ դատախազը պետք է դատարանին ներկայացներ ծառայողական քննության նյութերը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 24-ին։

Հիշեցնենք, որ 2020թ. մարտի 4-ի գիշերը՝ ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ ներխուժել են Արամ Վարդանյանին եւ նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տներ։

Կատարված գործողությունների արդյունքում բերման էին ենթարկել Արամ Վարդանյանի որդուն եւ 2 քաղաքացու, 2 քաղաքացի էլ ձերբակալվել է, որից մեկը Վարդանյանի եղբորորդին է, մյուսը՝ հարեւանը:

Նշենք, որ տան խուզարկությունը շարունակվում էր նաեւ հաջորդ օրը։ Վարդանյանի փաստաբաններ Երվանդ Վարոսյանին եւ Լուսինե Սահակյանին քննիչները ներկայացրել էին տանը խուզարկությունն իրականացնելու դատարանի որոշումը։ Ըստ որոշման բովանդակության՝ նրանք Վարդանյանի տանը փնտրում էին զենք-զինամթերք, չգտնելով նմանատիպ իրեր, վերցրել են Վարդանյանի անձնական կյանքին վերաբերող տեսաերիզներ։

Նշենք, որ ՔԿ-ն հայտնել է, որ Արամ Վարդանյանին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշում է կայացվել եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նրան մեղադրում են Էմիր Արամյանի կողմից 2016 թվականին կատարված կողոպուտը կազմակերպելու, 2019 թվականին նույն Էմիլի առեւանգումը կազմակերպելու, ապա 2020 թվականի մարտի 4-ին նրա նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ։

Ըստ ՔԿ-ի հաղորդագրության՝ 2020թ. մարտի 5-ին առերեւույթ հանցագործություններ կատարելու համար Վարդանյանի եղբոր որդի Ա.Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (մարդուն առեւանգելը) 1-ին մասով, իսկ Ս.Կ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (կողոպուտ) 3-րդ մասի 1-ին կետով:

 

  • Կիսվել: