ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ոստիկանությունը՝ Գյումրիում տղամարդուն ծեծելու և աչքերին դեղ լցնելու վերաբերյալ լուրերի մասին

Ոստիկանությունը՝ Գյումրիում տղամարդուն ծեծելու և աչքերին դեղ լցնելու վերաբերյալ լուրերի մասին

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել լրատվամիջոցներում տարածվող լուրերից մեկի մասին:

Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ Գյումրիում պարեկները ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարելու համար կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մեքենա:

«Վարորդն իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական և տրանսպորտային միջոցի տեխանձնագիր: Նա չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին և դիմադրություն է ցույց տվել:

Պարեկները օգտագործելով հատուկ միջոց՝ իրականացրել են վարչական ձերբակալում: Ծեծի ենթարկելու և «դեղ» օգտագործելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,- նշում են ոստիկանությունում:

Ինչպես ավելի վաղ լուր էր տարածվել, պարեկները կանգնցրել են մի քաղաքացու, պահանջելով փաստաթղթեր, քաղաքացին խնդրել է մի փոքր ժամանակ, որպեսզի զանգի և տանեցիները փաստաթղթերը հասցնեն: Ըստ իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի՝ « ... պարեկները չեն համաձայնվել տրամադրել ժամանակ, հատուկ միջոց են կիրառել, դեղ լցրել քաղաքացու աչքերին, որից հետո սկսել են դաժանորեն ծեծի ենթարկել...

Գյումրու շտապօգնության կայանի տնօրեն Արթուր Մանուկյանը ասել է, որ միջադեպ իսկապես եղել է, ինչից հետո շտապօգնության կանչ է գրանցվել։

«Նրան բժշկական օգնություն տրամադրվել է տեղում, քաղաքացու նկատմամբ բռնության, աչքերի մեջ դեղի հետքեր չեն եղել, համենայնդեպս հիվանդը ևս այդ մասին չի հայտարարել։ Քաղաքացուն առաջարկել են տեղափոխել հիվանդանոց, սակայն նա ստորագրությամբ հրաժարվել է»,- ասել է նա:

  • Կիսվել: