հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել․ կան կալանավորվածներ

Ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել․ կան կալանավորվածներ

Անցած տարի ոստիկանության Եղեգնաձորի բաժնում արձանագրվել էր բնակարանային գողության հինգ դեպք, որոնք կատարվել էին հարմարեցված բանալու գործադրմամբ: Ձեռնարկվեցին անհրաժեշտ միջոցառումներ, և, ի վերջո, ստացվեց օպերատիվ տեղեկություն, թե ովքեր են կազմակերպում և կատարում բնակարանային գողությունները: Սակայն տեղեկությունը դեռ հարկավոր էր ճշտել, ձեռք բերել ապացույցներ:

Ըստ տեղեկության՝ գործում էր երեքհոգանոց խումբ, բայց հայտնի էր միայն երկուսի տվյալները: Ոստիկանները նրանց վերցրին շուրջօրյա օպերատիվ հսկողության տակ: Փետրվարի 4-ի երեկոյան հաջողվում է ֆիքսել, որ խմբի անդամներից երկուսը դուրս են գալիս Եղեգնաձորի Արսենյան փողոցի մի շենքից և նստում «Պորշ» մակնիշի մեքենան, որի ղեկին էր երրորդ ընկերը: Իրավապահները կասկած չունեին, որ կատարվել էր հերթական բնակարանային գողությունը: «Պորշը» շարժվում է, ոստիկանները՝ հետևից:

Ոստիկանները կանգնեցնում են մեքենան, սակայն վարորդը դիմում է փախուստի: Հետապնդումն ավարտվում է Եղեգնաձորի Երևանի խճուղում: Մեծ արագությամբ ընթացող մեքենան ինքնավթարի է ենթարկվում: Թողնելով մեքենան՝ հետապնդվողներն արդեն ոտքով դիմում են փախուստի, ամեն մեկը՝ մի ուղղությամբ: Այդ ընթացքում վարորդը հասցնում է ձեռքից գցել ինչ-որ փաթեթ:

Եղեգնաձորի ոստիկանները պատրաստ էին յուրաքանչյուր զարգացման. երեկոյան ժամը 9-ին երեքն էլ, մեկը՝ Եղեգնաձորի, երկուսը՝ Երևանի բնակիչներ, արդեն բերման էին ենթարկվել ոստիկանության Եղեգնաձորի բաժին, իսկ ինքնավթարի տեղում զննությամբ հայտնաբերվել էր պոլիէթիլենային տոպրակ՝ ոսկյա զարդերով:

Փաստի առթիվ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվեց քրեական գործ: Պարզ էր, որ ոսկյա զարդերը գողացված են, պարզ չէր միայն, թե հատկապես որ բնակարանից: Եղեգնաձորի ոստիկանները դիմում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն՝ ոսկյա զարդերի հայտնաբերումը հանրայնացնելու և տուժած քաղաքացուն գտնելու համար: Տեսանյութը տարածելուց ժամեր անց իրավապահներին է զանգում Արսենյան փողոցի մի բնակչուհի. նա ճանաչել էր իր զարդերը:

Փետրվարի 17-ին երեք տղամարդուն էլ մեղադրանք է առաջադրվել: Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված միջնորդությունը բավարարվել է, երեքի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: