երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Առուշանյանի գործով կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոքը պատրաստ է. պաշտպան

Առուշանյանի գործով կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոքը պատրաստ է. պաշտպան

Առուշ Առուշանյանի գործով կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոքն արդեն պատրաստ է, եւ այն երկուշաբթի առավոտյան մուտք կարվի ՀՀ քրեական վերաքննիչ դատարան։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Առուշ Առուշանյանին կալանավորելու միջնորդությունը:

Ավելի վաղ դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարը հունիսի 20-ին ՀՀ-ում կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ նախապատրաստել է ծանր հանցագործություն՝ ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար նույն համայնքի Քարահունջ բնակավայրի երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալը, սակայն նրա կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել: Բացի այդ, փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ համայնքի ղեկավարը կազմակերպել է նույն ընտրությունների ժամանակ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի որոշ ընտրողների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելը, ինչպես նաև այլ կախվածությունն օգտագործելով ընտրողներին կուսակցությունների հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը:

Ըստ այդմ՝ քրեական գործով ձեռք են բերվել բավարար ապացույցներ վերոնկարագրյալ արարքների կատարման համար Առուշ Առուշանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական հետապնդում հարուցելու համար:

 

  • Կիսվել: