հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է երեք նախարարության անվանափոխություն և գործառույթների վերանայում. Գալյան

Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է երեք նախարարության անվանափոխություն և գործառույթների վերանայում. Գալյան

Խորհրդարանը քննարկում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնեց՝ օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է երեք նախարարության անվանափոխություն և գործառույթների վերանայում, որի նպատակն է արդիականացնել պետական կառավարման համակարգը՝ այն համապատասխանեցնելով Կառավարության կողմից իրականացվող պետական քաղաքականությանը և Հայաստանի զարգացման առաջնահերթություններին: 

«Նախագծով առաջարկվում է վերանվանել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ այն դարձնելով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն:

Նախագծով առաջարկվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերանվանել Աշխատանքի և բարեկեցության նախարարություն: Նոր անվանումը շեշտադրում է պետության հիմնական նպատակը՝ ոչ միայն սոցիալական խնդիրներին արձագանքը, այլ նաև մարդկանց և ընտանիքների բարեկեցության շարունակական բարելավումը»,- հայտնեց Գալյանը: 

Նախարարը տեղեկացրեց՝ նախագծով առաջարկվում է վերանվանել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ դարձնելով արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն: 

«Այս փոփոխության նպատակն է ավելի արդյունավետ համատեղել արտաքին քաղաքականությունը և տնտեսական համագործակցությունը»,- ասաց արդարադատության նախարարը:

  • Կիսվել: