Ողջ մնացած բոլոր տղերքն ասում էին, որ Իշխան Վահանյանը փախել է. զոհված երկու տղաների հայր
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Ջոն Հայրապետյանի, այսօր՝ մարտի 2-ին, զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի գործով դատական նիստին հարցաքննվեց 44–օրյա պատերազմում զոհված Սամվել եւ Նարեկ Ղազարյանների հայրը՝ Գեղամը։ Մինչեւ հարցաքննվելը՝ նա դիմեց ամբաստանյալ Իշխան Վահանյանին.
«Եթե դու Ղարաբաղում ինձ ռաստ գայիր, ես քո վիզը կկտրեի, դու ես եղել իմ երեխու մահվան պատճառը, սրիկա։ Ես իրեն չեմ ծեծել, բայց էս սրիկան վրաս գործ է հարուցել տվել։ Նման մարդիկ տունն ու ընտանիքն էլ կծախեն հանուն իրենց կաշին փրկելու»։
Գեղամ Ղազարյանը պատմեց, որ իր ավագ որդին՝ Սամվելը, մեկ տարի վեց ամսվա ծառայող էր, նա Ջաբրայիլում էր ծառայում, իսկ նորակոչիկ որդին, որը նույնիսկ զինվորական երդում չի տվել, Մարտունիում էր սկզբում ծառայում, հետո նրան տեղափոխել են Ասկերան, իսկ պատերազմից օրեր առաջ էլ՝ Ջաբրայիլ, որտեղ եղբայրները 4 օր են իրար հետ անցկացրել ու պատերազմը սկսվել է։
«Իմ տղայի պատմելով՝ նորակոչիկները հին ծառայողների հետ մինչեւ ամսի 3–ը մասնակցել են մարտական գործողություններին՝ Ջաբրայիլում։ Հետո նորակոչիկներին իրենց ասածի պես բերել են երկրորդ, երրորդ դիվիզիոն։
Ջաբրայիլից, որն արդեն տվել էին, սպաները փախչում էին, զորքը մնում է էնտեղ, իրենք նահանջում են, երեխեքը փախչում են՝ ով ոնց կարողանում է։ Տղաներս երկու օր հետո Հադրութում իրար գտնում են, ինձ զանգել էին, իրենց մորն ասացին՝ մամ ջան, մենք իրար գտանք։ Ես անցած դատին էլ գումարտակի հրամանատարի տեղակալ Գարիկ Վարդերեսյանին հարցրեցի չէ՞, որ իմ մեծ տղան մոտեցել է քեզ ու ասել՝ եղբայրս նորակոչիկ է, կամ գալու է ինձ հետ, եթե զոհվելու ենք, իրար հետ զոհվենք, կամ չէ՝ գոնե մեկս պետք է գնա ծնողներիս հասնի։ Էդտեղ Վարդերեսյան Գարիկն ու էս սրիկա Իշխան Վահանյանն ասել են՝ չէ, դու գնա, մենք նորակոչիկներին տանում ենք ապահով տեղ։ Խաբում են։ Էդ օրն իմ տղեն ասաց՝ պապ, եթե իմ եղբայրը տուն չեկավ, ես երկուսին էլ գյուլլելու եմ, ես որ իմանայի, հարգելի դատարան, հենց էդ օրն էլ կասեի, որ էդ երկուսին գյուլլի։ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե մենք Ղարաբաղում ինչքան զինվոր ենք խոսեցրել, ողջ մնացած տղերքը, որոնք Հադրութի 5–րդ գումարտակի զինվորներ էին, բոլորն էլ ասում էին՝ Իշխան Վահանյանը փախել է»,– պատմեց Գեղամ Նազարյանը։
Նարեկն ու Սամվելը Հադրութի դպրոցներից մեկում իրար հետ մի քանի ժամ են անցկացրել, հետո ըստ նրանց հոր՝ վերնախավն է եկել ու համոզել են հին ծառայողներին գնալ դիրքեր, իսկ նորակոչիկներին տարել իրենց խոսքով՝ ապահով վայր։
«Ամսի 9–ին նստեցրել են ավտոները ու տարել երեխեքին ու մնացածը գիտեք արդեն, թե ինչ է կատարվե»,– նշեց Գեղամ Նազարյանը։