ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ոչ մի կեղծարար, ոչ մի իրավապահ չի պլստալու․ Վահագն Աբգարյանի պաշտպանների հայտարարությունը

Ոչ մի կեղծարար, ոչ մի իրավապահ չի պլստալու․ Վահագն Աբգարյանի պաշտպանների հայտարարությունը

Վահագն Աբգարյանի պաշտպանական խումբը՝ փաստաբաններ Արմեն Սողոմոնյանը, Արթուր Գրիգորյանը և Մարինա Պողոսյանը հայտարարություն են տարածել, որում նշվում է հետևյալը․

«Վերջին օրերին իրավապահ համակարգի և, զարմանալիորեն նաև փաստաբանական համայնքի որոշ ներկայացուցիչներ սկսել են տեղեկատվություն տարածել Ալավերդիում տեղի ունեցած հայտնի սպանության գործով մեղադրյալ Վահագն Աբգարյանի կալանավորման մասին:

Այս պահին չենք խոսում այն մասին, որ այս քրեական գործը ստեղծվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանի կողմից ղեկավարած խմբի կողմից ապացույցներ կեղծելով, վկաներին խոշտանգելով եւ այլ ապօրինություններով: Դրան արդարադատությունը ևս կհասնի ու ոչ մի կեղծարար, ոչ մի իրավապահ չի պլստալու: Այո, Քրեական վերաքննիչ դատարանը մայիսի 19-ի որոշմամբ անթույլատրելի է ճանաչել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Վահագն Աբգարյանի նկատմամբ գրավի կիրառումը:

Այն ոգևորությունը և Վահագն Աբգարյանին կալանավորելու ցանկությունները, որոնք առաջացել են որոշ փաստաբանների ու իրավապահների մոտ Քրեական վերաքննիչ դատարանի հիշյալ որոշումից հետո, այնքանով են անհիմն, որ Վահագն Աբգարյանին գրավով ազատելու պահին՝ սույն թվականի ապրիլի 1-ին, գրավը, ըստ Քրեական դատավարության օրենսգրքի, կալանավորումը փոխարինող խասփանման միջոց էր:

Քրեական վերաքննիչ դատարանի որոշման կայացման պահին ըստ փոփոխված Քրեական դատավարության օրեսնգրքի, գրավն արդեն ինքնուրույն խափանման միջոց էր և դրա վերացումը ինքնաբերաբար կալանավորման չի բերում: Վահագն Աբգարյանի վերաբերյալ գրավի վերացումը ընդամենը նշանակում է, որ նրա նկատմամբ գործող խափանման միջոց այս պահին առհասարակ չկա: Սեփական մտքի թռիչքները, հարգելի ընդդիմախոս գործընկերներ, պետք չէ ներկայացնել որպես իրավական իրողություն և ընդամենը կարդացեք օրենքը և ղեկավարվեք դրանով»:

Հիշեցնենք՝ Վահագն Աբգարյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, ակոսափող հրազեն հանդիսացող 2 ատրճանակ ձեռք բերելու, Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու և սպանության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանին առանձնապես խոշոր, իսկ քննիչ Արտակ Հովհաննիսյանին՝ խոշոր չափով կաշառք տալու մեջ։

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը ապրիլին 15 մլն դրամի դիմաց ազատ էր արձակել Վահագն Աբգարյանին, սակայն մայիսի 21-ին Վերաքննիչ քրեական դատարանը, որոշել էր բեկանել Աբգարյանին 15 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։

  • Կիսվել: