ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նրանք նախկինում ՀՔԾ-ում միասին են աշխատել եւ հիմա մեղադրողն ինչ ասում է, դատավորն առաջնորդվում է. Խաչատուրովի փաստաբան

Նրանք նախկինում ՀՔԾ-ում միասին են աշխատել եւ հիմա մեղադրողն ինչ ասում է, դատավորն առաջնորդվում է. Խաչատուրովի փաստաբան

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի գործով ընթացող դատական նիստին կարծես՝ միայն մեղադրողն ու նախագահող դատավորը լինեն: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, դատարանի բակում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը:

«Դատարանն առանց լսելու դատավարական կարգը պահպանելու օրենսդրական ձեւակերպումներին մեղադրողին պահանջեց, որ կարծիք հայտնի խափանման միջոցի մասին, մեղադրողն ասաց, որ ինքը գտնում է, որ խափանման միջոցը պետք է պահպանվի: Ես ասացի, որ ես դատարանին բացարկ եմ հայտնում: Իմ բացարկ ներկայացնելու ընթացքում Միհրան Պողոսյան ապօրինի հեռացվեց վարույթից: Դահլիճում ոնց որ մենակ ինքն ու մեղադրողը լինեն: Անձին վարույթից հեռացրել են, մնացել է առաց պաշտպան, պաշտպանության հարցը չեն լուծում, ու մեղադրողի դիրքորոշումն ընդունվել է որպես ի գիտություն: Դատավոր Գրիգորյանն այնքան կարմիր գծեր է անցել: Մեղադրողն ու դատավորը նախկինում ՀՔԾ-ում են միասին աշխատել, որի մասին ես խոսել եմ դատարանում: Մեղադրողն ինչ ասում է, դատավորն այդպես առաջնորդվում է, ինչ դիրքորոշում հայտնում է, դրանով առաջնորդվում է, մի դեպքում մեղադրողն ասում է, որ առանց պաշտպանների պիտի նիստը հետաձգվի, հետաձգվում է, հաջորդ ասում է՝ կարելի է անցկացնել, անցկացնում է»,- նշեց փաստաբանը:

Նրա խոսքով՝ դատավորը ապօրինի կերպով է այժմ ցանկանում ամբաստանյալի կալանքի հարցը քննել. «Մարդը կալանքի հարց է քննարկում այն պայմաններում, երբ իրեն ասվում է՝ քեզ բացարկ ունենք, դու հիմա մարդուն պետք է կալանքից ազատեիր, չես ազատում, օրենքը բռնաբարված եք կիրառում»:

Անդրադառնալով նախնական դատալսումները դռնփակ ռեժիմով անցկացնելու մասին դատարանի որոշմանը՝ փաստաբանն ասաց. «Հանրային ճնշումից խուսափելու համար դատական նիստն արհեստականորեն անցկացվում է դռնփակ: Նախնական դատալսումները դռնփակ անցկացնելու որեւէ հիմք չունեն: Եթե լրագրողները լինեին դատական նիստերի դահլիճում, ապա այս ամենը էլ ավելի մեծ զանգվածների հասանելի կլիներ, մարդիկ կտեսնեին իրենց ապրած երկրում իրենց հայրենի դատարանը ինչ ոճրագործություն է անում գեներալի նկատմամբ»:

Հիշեցնենք, որ վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 3 դրվագ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ)

Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մանուկ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ),իսկ ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին` ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով)։

Մեղադրանք է ներկայացվել նաեւ «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն եւ փաստաթղթի կեղծում) եւ եւս 9 անձի:

Ըստ news.am-ի:

  • Կիսվել: