երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Նրա կալանավորումն արդարադատության իրականացմանն ուղղակի միջամտության արդյունք էր. Արամ Սարգսյանի պաշտպան

Նրա կալանավորումն արդարադատության իրականացմանն ուղղակի միջամտության արդյունք էր. Արամ Սարգսյանի պաշտպան

Հայտնի ֆեյք «Գագիկ Սողոմոնյանի» գործով կալանավորված Արամ Սարգսյանի պաշտպան Բենիկ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով գործին:

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Այսօր 24-օրյա կալանքից, իսկ ավելի ճիշտ՝ ապօրինի ազատությունից զրկվելուց հետո վերջապես ազատ արձակվեց իմ պաշտպանյալ Արամ Սարգսյանը։


Թվում էր, թե որպես փաստաբան պետք է ուրախանամ այս «հաջողությունից», սակայն ոչ, սա հաջողություն չէ, սա 24 օր ուշացած արդարադատություն է։

Պնդել և այժմ էլ պնդում եմ՝ Արամի մասով որևէ այլ որոշում չի կարող համարվել օրինական, իսկ նրա կալանավորումն արդարադատության իրականացմանն ուղղակի միջամտության արդյունք էր։

Ընդ որում՝ առնվազն փետրվարի 21-ից հայտնի է այն անձն, ով առերևույթ իրականացրել է այդ միջամտությունը, իսկ փետրվարի 23-ին այդ մասին ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել եմ հանցագործության մասին մանրամասն հաղորդում։

Խոսքս վերաբերվում է Արթուր Պետիկի Մկրտչյանին, ով ոչ միայն Երևան քաղաքի դատարանի նախագահն է, այլև ինչպես Արամի, այնպես էլ մյուս բոլոր դեպքերում անձամբ է մակագրում կալանավորման միջնորդությունների քննարկումը դատարանի դատավորներին, Արամի դեպքում՝ Վահագն Մելիքյանին։

Ուշադրության է արժանի այն, որ փետրվարի 23-ից մինչ օրս՝ 21 օր, իմ հաղորդման առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր։

Դույզն-ինչ չկասկածեք՝ այս հանցագործության դեպքի ետևից գնալու եմ մինչև վերջ... ես գործը կիսատ թողնել չեմ սիրում։

Նկարում Ա.Մկրտչյանն է»։

Հիշեցնենք, որ «Գագիկ Սողոմոնյանի» գործով կալանավորված Արամ Սարգսյանն ազատ է արձակվել:

  • Կիսվել: