շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նորապսակ զույգերը սեռական կյանքի մասին որտեղի՞ց են իմանում՝ քուչեքո՞ւմ, բիսեդկեքո՞ւմ․ Փաշինյան

Նորապսակ զույգերը սեռական կյանքի մասին որտեղի՞ց են իմանում՝ քուչեքո՞ւմ, բիսեդկեքո՞ւմ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, այսօր առցանց ասուլիսում անդրադարձավ Լանզարոտիի կոնվենցիային։

Նա նշեց, որ դա նրա համար է, որ ուզում են համակարգ ստեղծել, որպեսզի ծնողներն իրազեկված և ուշադիր լինեն, հաղորդակցություն ունենան իրենց երեխաների հետ։

«Եթե սեռական ոտնձգության դեպքեր լինեն, նախ երեխաները ճանաչեն դրանք, հետո ասեն դրա մասին, ծնողներն էլ իմանան, որ որոշակի հաղորդակցություն ունեն, որպեսզի թեման փակ չմնա»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով, մանկապղծության տարածումը կապված է նրա հետ, որ պոտենցիալ մանկապիղծներն 90 տոկոսով համոզված են, որ դրա մասին ոչ երեխան կասի, ոչ էլ ծնողը հետաքրքրված կլինի, քանի որ դա ընդունված չէ։

«Մենք այսօր տասնյակ սեռական բռնության դեպքեր ունենք, որոնց հսկայական մասը վերաբերում է երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությանը։ Ստեղծվել է մի մթնոլորտ, երբ այդ մասին չի խոսվում: Մանկապիղծի համար դրանից լավ միջավայր չկա՝ երեխան էլ չի խոսելու, ծնողն էլ չի հետաքրքրվելու: Երբ թեման պետք է բացվի, դա մեծ կանխարգելիչ նշանակություն է ունենալու»,- նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երեխայի կրթությունը պետք է լինի ծնողների հետ խորհրդակցելով. «Այստեղ խոսքը ոչ այնքան երեխայի, որքան ծնողի կրթության մասին է: Եթե ծնողի մոտ նման մտահոգություն չի առաջանում, ուրեմն նա այդքան էլ մտահոգ ծնող  չէ»:

Ըստ վարչապետի, համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ երեխայի նկատմամբ ոտնձգությունները մեծամասամբ լինում են այդ ընտանիքին ծանոթ մարդկանց կողմից. «Երեխաները շատ դեպքերում չգիտեն՝ իրենց հետ կատարվողը նորմալ է, թե՝ ոչ: Դրա մասին պետք է ասեն, թե՝ ոչ: Շատերին լսելով՝ եզրակացության ես գալիս, որ իրենց երեխաների հետ գործ չունենք, եթե նման դեպքեր կլինեն, թող լինեն: Դա անընդունելի է: Հայաստանում պետք է ամեն ինչ անել, որ մանկապղծության դեպքերը բացառվեն»:

Այնուհետև նա շարունակեց.

«Եկեք այս թեմայով լրջանանք: Հարց՝ սեռական դաստիարակություն պետք է լինի, թե՝ ոչ: Ովքեր ասում են, որ չպետք է լինի, հարց եմ տալիս, իսկ Հայաստանում նորապսակ զույգերը սեռական կյանքի մասին որտեղից են իմանում՝ քուչեքո՞ւմ, բիսեդկեքո՞ւմ, կողքից լսելո՞վ: Իսկ դա ի՞նչ հետևանքների է բերում: Շատ բարդ հետևանքների, որոնց մասին Հայաստանում ընդունված չէ խոսել, ինչը վատ է: Սեռական գրագիտության բացակայության պատճառով ինչքան մարդ է Հայաստանում իմպոտենցիայով տառապում։ Գիտե՞ք, թե ոչ։ Սա հա՞րց է, թե՝ ոչ, խնդի՞ր է, թե՝ ոչ»։

  • Կիսվել: