չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Նոր քրեական դատավարության օրենսգրքի դրույթների կիրառմանը նվիրված սեմինար-քննարկումներ՝ Ծաղկաձորում

Նոր քրեական դատավարության օրենսգրքի դրույթների կիրառմանը նվիրված սեմինար-քննարկումներ՝ Ծաղկաձորում

Հոկտեմբերի 28-ից 29-ը Ծաղկաձորում անցկացվեց «ՀՀ ոստիկանության կողմից քրեական դատավարության նոր օրենսգրքով նախատեսված լիազորություններն իրականացնելիս մարդու իրավունքների պաշտպանության դատավարական երաշխիքները» թեմայով դասընթաց։

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնակցում էր ոստիկանության կենտրոնական ապարատի, Երևան քաղաքի և մարզային վարչությունների տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը: Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպական միության աջակցությամբ՝ «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Այն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի հետ համատեղ: Բացման խոսքով հանդես եկան ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մարդու իրավունքների փորձագետ Տիգրան Գրիգորյանն ու ոստիկանության շտաբի տեսչական վարչության պետի տեղակալ, գնդապետ Հակոբ Պետրոսյանը: Դասընթացն անցկացրեց փորձագետ Դավիթ Մելքոնյանը:

Երկօրյա քննարկումների ընթացքում ներկայացվեցին նոր քրեական դատավարության օրենսգրքով սահմանված հասկացությունները, վարույթի հանրային մասնակիցների փոխհարաբերությունները, քրեական վարույթ նախաձեռնելը, ձերբակալումը որպես հարկադրանքի միջոց և մի շարք այլ իրավակարգավորումներ:

Մասնակիցներն ակտիվ քննարկեցին ամենօրյա աշխատանքային գործունեության ընթացքում հանդիպող խնդրահարույց հարցերը, որոնց առաջարկվեցին իրավիճակային լուծումներ: Դասընթացն անցավ կառուցողական մթնոլորտում: Նմանօրինակ քննարկումները շարունակական են:

  • Կիսվել: