շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նմանատիպ գործերով դատարաններից արդարադատություն սպասելը շքեղություն է. Աղվան Հովսեփյանի պաշտպան

Նմանատիպ գործերով դատարաններից արդարադատություն սպասելը շքեղություն է. Աղվան Հովսեփյանի պաշտպան

Այսօր Վերաքննիչ դատարանում քննվում էր Աղվան Հովսեփյանին կալանքից ազատելու մասին պաշտպանների միջնորդությունը։ Պաշտպանները դատավոր Ռուբիկ Մխիթարյանին ինքնաբացարկ էին հայտնել, սակայն դատավորը մերժել էր միջնորդությունը։

Լրագրողների հետ զրույցում Քննչական կոմիտեի նախկին նախագահ, Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ ԲԴԽ որոշումը բացարձակապես իրավունք չի տալիս դատավոր Ռուբիկ Մխիթարյանին՝ քննելու այս գործը:

՛՛Իրենք չեն շտապում, գիտեն, որ միեւնույն է՝ մերժելու են բողոքը, ինչքան ուշ, այնքան լավ իրենց համար, եւ այսպես հանգիստ քնում են՝ մտածելով, որ իրենց որոշումից է կախված անձի ազատության իրավունքը։ Այս երեւույթը գոյություն ունի, եւ սա արդեն որերորդ անգամ տարբեր գործերով տեսնում ենք, բայց ունենք այն, ինչ ունենք, եւ նմանատիպ գործերով դատարանից արդարադատություն սպասելը շքեղություն է՛՛,- նշեց Սարգսյանը։

Նշենք, որ Աղվան Հովսեփյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ։ Նրա մոտ ախտորոշված է շաքարային դիաբետ՝ ծանր ընթացքով։ 

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Աղվան Հովսեփյանը, 2004-2013թթ. զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014-2018թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, չնայած օրենքով սահմանված արգելքին՝ 2007-2015թթ. մասնակցել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ա. Ս.-ի հիմնադրած կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ եւ առավելություններ տրամադրելու եւ այլ ձեւով հովանավորելու հետ:

Նշված ապօրինի գործունեության արդյունքում Աղվան Հովսեփյանը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է: 2008թ.-ից Աղվան Հովսեփյանն Ա. Ս.-ի միջոցով նույն կերպ մասնակցել է ավտոմեքենաների անվադողերի ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերությունների կառավարմանը:

Աղվան Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնից բխող կապերն ու ազդեցությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության տնօրենի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որպեսզի հիշյալ ընկերության բեռնատար ավտոմեքենաների համար անհրաժեշտ անվադողերը գնվեն իր ներկայացրած անձանցից ու ընկերություններից: Արդյունքում` 2008-2015թթ. ընթացքում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը մատակարարվել են ընդհանուր շուրջ 7 մլրդ դրամի անվադողեր:

Նույն ժամանակաշրջանում Աղվան Հովսեփյանը ապօրինի մասնակցել է Ա. Ս.-ի կողմից հիմնադրված եւս երկու ընկերության կառավարմանը, վերահսկել դրանց ֆինանսական գործունեությունը:

Մասնավորապես` նշված ընկերություններին պատկանող «Վարդահովիտ» եւ «Վայոց» փոքր հիդրոէլեկտրակայաններին ջրօգտագործման թույլտվություններ անխոչընդոտ տրամադրելու համար Աղվան Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, դիմել է ոլորտում քաղաքականություն մշակող եւ իրականացնող լիազոր մարմնի բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչի արդյունքում հիշյալ ընկերություններին տրամադրվել են փոքր հէկերի կառուցման եւ շահագործման համար ջրօգտագործման թույլտվություններ:

  • Կիսվել: