կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Թիկնապահը հերքել է, որ Փաշինյանի ընտանիքի համար սև խավիար է գնել

Թիկնապահը հերքել է, որ Փաշինյանի ընտանիքի համար սև խավիար է գնել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, կայացել է «Իկրայի» գործով դատական նիստը։

Դատական նիստին ներկայացել է նաև Նիկոլ Փաշինյանի անվտանգության պետի տեղակալ Հովհաննես Վարդանյանը՝ վկայի կարգավիճակով ցուցմունք տալու։ Նախորդ դատական նիստին դատարանը որոշում էր կայացրել նրան բերման ենթարկելու մասին, քանի որ վերջինս, լինելով պատշաճ ծանուցված, պարբերաբար չէր ներկայանում դատական նիստին։ Այսօրվա նիստին Հովհաննես Վարդանյանը ներկայացել է ինքնակամ՝ նշելով, թե մամուլի հրապարակումներից է տեղեկացել իրեն բերման ենթարկելու որոշման մասին, ծանուցում չի ստացել, բայց ժամանակ է գտել ներկայանալու համար։

Վարդանյանը խնդրել է հրապարակել իր նախաքննական ցուցմունքը, որը պնդում է։ Նա բացառել է իր աշխատակիցների կողմից խավիար գնելը, նշել է նաև, որ դա իր գործառույթների հետ կապ չունի, նման հրահանգ չի ստացել։

Վարդանյանը հայտնել է, որ 2003 թվականից ծառայության մեջ է, ոչ օրինաչափ հրահանգ չի ստացել. իրենք ապահովում են անձի անվտանգությունը, չեն կատարում որևէ գործողություն, որը դուրս է իրենց պարտականություններից, իսկ այն ծառայողները, որոնք իրենց ծառայողական պարտականություններից դուրս ինչ-որ գործողություններ են կատարում, ենթարկվում են պատասխանատվության։

Այսօրվա դատական նիստին ներկայանալու համար ծանուցում էին ստացել 4 վկա, ևս երկուսի նկատմամբ հարկադրանքի միջոց կիրառելու որոշումներ էր կայացվել, սակայն դատական նիստին ներկայացել է վկաներից միայն Հովհաննես Վարդանյանը։

Դատարանը հաջորդ դատական նիստին ներկայանալու համար որոշում է կայացրել բոլոր վկաների նկատմամբ հարկադրանքի միջոց կիրառելու և բերման ենթարկելու մասին։ Հաջորդ դատական նիստը կայանալու է 2022 թվականի մարտի 7-ին։ Հատկանշական է, որ գործով վաղեմության ժամկետը մոտենում է ավարտին։

Նշենք, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը 2020 թվականի հունվարի 26-ին «Facebook» սոցիալական ցանցում կատարված գրառմամբ, այնուհետև ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով որպես վկա հարցաքննության ընթացքում տված ցուցմունքով հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանը Երևանում գործող ռեստորաններից մեկից գնել է սև ձկնկիթ՝ մեկ կիլոգրամը 3 000 ԱՄՆ դոլար արժողությամբ, որից հետո, 2019 թվականի դեկտեմբերին, ՀՀ վարչապետի անվտանգության աշխատակիցներն այցելել են հիշյալ ռեստորան և ցանկացել են ձեռք բերել ևս մեկ կիլոգրամ սև ձկնկիթ՝ գումարը բանկային փոխանցման եղանակով վճարելու պայմանով, սակայն ռեստորանի տնօրինությունն անվտանգության աշխատակիցներին տեղեկացրել է, որ այդ դեպքում սև ձկնկիթի մեկ կիլոգրամը կարժենա 5 000 ԱՄՆ դոլար:

Ըստ Նարեկ Սամսոնյանի՝ այդ մասին տեղեկանալուց հետո Փաշինյանը որոշել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջոցով պատժել հիշյալ ռեստորանին:

  • Կիսվել: