ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
ՆԳՆ Ոստիկանության կրթահամալիրը և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան կմիավորվեն

ՆԳՆ Ոստիկանության կրթահամալիրը և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան կմիավորվեն

ՀՀ ներքին գործերի նախարարությունը նախատեսում է միավորել իր ենթակայությամբ գործող Ոստիկանության կրթահամալիրը և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան՝ համապատասխանեցնելով քաղաքացիական բարձրագույն կրթության տրամաբանությանը։

 ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ներկայացնելով ոստիկանների և փրկարար ծառայողների կրթության կազմակերպման հայեցակարգային փոփոխություններին միտված օրինագծերի փաթեթը, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշեց, որ Ոստիկանության կրթահամալիրը և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան չեն կարող դուրս մնալ կրթության ազգային ռազմավարության և ընդհանուր կրթության զարգացումներից։ 

«Առաջարկում ենք այս երկու ՊՈԱԿ-ները միավորել և դրանք կառուցել քաղաքացիական բարձրագույն կրթության տրամաբանությամբ, առնվազն՝ վարչական հատվածի մասով։ Ըստ այդմ՝ ՊՈԱԿ-ի ռեկտորը կլինի ոչ թե ոստիկանության կամ փրկարար ծառայող, այլ քաղաքացիական աշխատանք իրականացնող անձ։ Հետևապես՝ նրա վրա կտարածվեն ստանդարտ բուհի այն նույն կանոնները, որն ունենք ղեկավար կազմի մասով։ Այսինքն՝ բաց, թափանցիկ մրցույթ կունենանք, մրցույթի արդյունքներով ռեկտորը կներկայացնի ՊՈԱԿ-ի հետագա զարգացման իր տեսլականը,ինչը թույլ կտա շատ ավելի թիրախային անցկացնել մրցույթը և ընտրել այն անձին, ով կկարողանա պատշաճ կերպով իրականացնել նախարարության կողմից մշակված քաղաքականությունը»,-ասաց Սարգսյանը։

Նրա հավաստմամբ՝ ՆԳՆ ձևավորման ընդհանուր տրամաբանությանը համահունչ՝ կպահպանվեն այն բոլոր սոցիալական երաշխիքները, որոնք ծառայողներն ունենում են ոստիկանության կամ փրկարար ծառայողի կարգավիճակից քաղաքացիականի անցնելու շրջանակներում։ 

Փոխնախարարը մանրամասնեց, որ նախատեսվող ուսումնական հաստատությունը կապահովվի ոստիկանների և փրկարարների կրթության ամբողջ շղթան՝ նախնականից մինչև բարձրագույն, ինչպես նաև՝ ծառայողների շարունակական կրթությունը։

Ըստ այդմ՝ ոստիկանական համակարգ մուտքը բացառապես կլինի այդ համալիրում նախնական կրթություն ստանալու պայմանով։ Սկզբում ծառայողները կկարողանան հավակնել կրտսեր պաշտոնների, իսկ հետագայում, վերապատրաստումներ անցնելով, հավակնել նաև սպայական կոչումների։ Բացի այդ՝ համակարգում առաջխաղաղացումները ևս պայմանավորված  կլինեն կրթահամալիրում կրթական գործընթացների մասնակցելու արդյունքներով։ Ինչպես հայտնեց Սարգսյանը՝ ոստիկանների վերապատրաստումները օրենքում նախատեսվող փոփոխություններով կիրականացվեն ոչ թե 3 կամ 5 տարին մեկ, այլ ամենամյա կտրվածքով։

 

  • Կիսվել: