չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
ՆԳՆ բարեփոխումները կարող են ռազմավարական առումով թիրախային զարգացում ապահովել․ փոխնախարար

ՆԳՆ բարեփոխումները կարող են ռազմավարական առումով թիրախային զարգացում ապահովել․ փոխնախարար

Հայաստանի ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանի կարծիքով՝  իրենց նախարարության տիրույթում գտնվող  ոլորտների  բարեփոխումների ճանապարհին արված քայլերը կարող են ռազմավարական առումով թիրախային զարգացում ապահովել։     

Արփինե Սարգսյանը «ՆԳՆ բարեփոխումներին ընդառաջ․ ընթացիկ զարգացումներ և հեռանկարներ» խորագրով քննարկման ժամանակ ամփոփ ներկայացրեց ՆԳ ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ նշելով, որ հիմնական նպատակը հանրության ակնկալիքների բավարարումն է՝ կապված իրականացվող բարեփոխումների հաջող ընթացքն ապահովելու հետ։

«Ներքին գործերի նախարարության ձևավորումը կարելի է ռեֆորմային ընդհանուր օրակարգի ամենախոշոր ձեռքբերումներից մեկը համարել, քանի որ այժմ ունենք տվյալ ոլորտում քաղաքականություն մշակող և դրա համար պատասխանատվություն կրող կառույց, որը կապահովի քաղաքացիական վերահսկողություն իր ենթակայության ներքո գործող ծառայությունների նկատմամբ։ Կարևոր է նաև պառլամենտական վերահսկողությունը, ինչը կապահովի նախարարության թափանցիկ գործունեությունը։ ՆԳՆ կառուցվածքային հետագա համադրումը թույլ կտա շոշափելի արդյունքներ ունենալ շատ ավելի ինստիտուցիոնալ եղանակով»,- ասաց Սարգսյանը։

ՆԳ փոխնախարարը նախևառաջ առանձնացրեց պարեկային ծառայության ներդրումը հանրապետության բոլոր մարզերում, ինչը ոստիկանության ոլորտի բարեփոխումների առաջնային ուղղության հաջողված գործարկումն է։ Մյուս ուղղությունն օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորումն է, որը նոր շնչով և ոճով եկել է ապահովելու համակարգի օպերատիվ կառավարումը։ Այդ կենտրոնի հետագա զարգացումը թույլ կտա ավելի ընդլայնել օպերատիվ կառավարման հայեցակարգը ՆԳՆ շրջանակում՝ ունենալով շատ ավելի էֆեկտիվ արձագանք քաղաքացիներից եկող դիմումներին, բողոքներին ու ահազանգերին։ 

«Ներքին գործերի նախարարության ձևավորումը ոչ թե տեխնիկական փոփոխություններ է բերել իր ենթակայության ներքո գործող միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում, այլև ինստիտուցիոնալ և գաղափարական փոփոխություններ։ Սա ոչ թե պարզ վերակազմավորում է, այլ բոլոր օղակների միասնականության ապահովում։ Մենք գծագրել ենք նոր կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ներդրման կոնցեպտը, ինչը թույլ կտա ավելի որակյալ հանրային ծառայություններ մատուցել քաղաքացիներին։ Իսկ ահա փրկարար ծառայության ոլորտում միջազգային գործընկերների հետ իրականացվել են թվինինգային ծրագրեր, ինչն օգնել է կառավարությանը մշակել աղետների ռիսկերի կառավարման նոր ռազմավարություն, որը համահունչ է միջազգային բոլոր չափանիշներին։ Պատրաստ են արդեն բնակչության պաշտպանության ոլորտին առնչվող իրավական փաստաթղթերը, արտակարգ իրավիճակների դեպքում կառավարման մոդելային փոփոխությունները։ Հաջորդ ուղղությունը մեկ միասնական կրթահամալիրի ձևավորումն է, որը ՆԳՆ կադրային բազան սպասարկող հիմնական կառույցն է և պետք է տա այնպիսի կադրեր, որոնք ունակ կլինեն սպասարկել նախարարության կողմից վարվող քաղաքականությունը»,- ասաց Սարգսյանը։

Նա ընդգծեց, որ աշխատանքներ են տարվել ՆԳ նախարարության կարողությունները զարգացնելու, նյութատեխնիկական բազան բարելավելու ուղղությամբ։ Իրականացվել է ՆԳՆ կառուցվածքում ներգրավված յուրաքանչյուր վարչության աշխատանքների ռազմավարական պլանավորում։ Սարգսյանի խոսքով՝ նախարարությունը հեռու է այն մտքից, որ կենտրոնանալով բացառապես կենտրոնական մարմինների կարողությունների զարգացման վրա, հնարավոր է ցանկալի արդյունքի հասնել, հետևաբար ոլորտի քաղաքականության մշակման արդյունքում կարևոր է առաջնորդվել բոլոր օղակների համաչափ զարգացման հայեցակարգով։ Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ միջազգային գործընկերների կողմից փորձագիտական բարձր գնահատական է տրվել ոստիկանության 2020-22 թվականների ռազմավարությանը, ինչը հնարավորություն կտա նույն ոգով պատրաստել և կյանքի կոչել նաև հետագա տարիների գործունեության ռազմավարությունը։       

  • Կիսվել: