երկուշաբթի, մայիս 27
27 / 5 / 2024
Ներողություն եմ խնդրում, որ այս համատարած դարդուցավի մեջ ուշադրություն եմ սևեռել իմ համեստ անձի իրավունքների ակնհայտ սահմանափակման վրա. Աշոտյանի խոսքը՝ դատավարության ժամանակ

Ներողություն եմ խնդրում, որ այս համատարած դարդուցավի մեջ ուշադրություն եմ սևեռել իմ համեստ անձի իրավունքների ակնհայտ սահմանափակման վրա. Աշոտյանի խոսքը՝ դատավարության ժամանակ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատաքննության ժամանակ  խոսքով հանդես եկավ անձամբ Աշոտյանը։ Ելույթից առաջ դատավոր Վահե Դոլմազյանը հայտարարեց, թե նա չպետք է քաղաքական հայտարարություններ հնչեցնի, ելույթի ժամանակ էլ բազմիցս ընդհատեց նրան՝ պնդելով, թե Աշոտյանի խոսքը քաղաքական է։

«Ես քաղաքական եմ, այդպես է ստացվել իմ ճակատագիրը, չլինե՞մ ընդհանրապես։ Ես քաղաքական գործիչ եմ, քաղաքական բանտարկյալ՝ ըստ եվրոպական և ոչ միայն քաղաքական գնահատականի։ Ես խնդրում եմ ապահովել իմ տարրական, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված իրավունքները»,- ասաց Աշոտյանը, ապա շարունակեց խոսքը՝ ընդգծելով, որ իր խնդիրները շատ փոքր է համարում այն արհավիրքի դիմաց, որը պատուհասել է Արցախին ու Հայաստանին։

«Ներողություն եմ խնդրում, որ այս համատարած դարդ ու ցավի մեջ ուշադրություն եմ սևեռել իմ համեստ անձի իրավունքների ակնհայտ սահմանափակման, այս դատավարության և մնացածի վրա։ Ես ինձ վատ եմ զգում։

Ես ինձ վատ եմ զգում, երբ համեմատում եմ իմ դարդը հազարավոր այն մարդկանց հետ, որոնք ընտանիքի անդամին անվերադարձ կորցրեցին։ Ես ինձ վատ եմ զգում, որ ինձ կտրել են իմ օջախից, բայց 100 000 մարդ ընդհանրապես այլևս օջախ չունի։ Ես ինձ վատ եմ զգում, որովհետև նստած եմ Հայաստանի բանտում, իսկ իմ տասնյակ հայրենակիցներ նստած են Բաքվի բանտերում։ Ես ինձ վատ եմ զգում դրա համար։ Ես ինձ վատ եմ զգում, որ այս ամենով հանդերձ՝ ստիպված եմ խոսել իմ մասին»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը։

Արմեն Աշոտյանն իր նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդմանն անդրադառնալիս շեշտեց՝ կալանքն ընտրել են որպես քաղաքական պատիժ ու վրեժխնդրություն՝ իր նկատմամբ։

  • Կիսվել: