ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ներկայացվել է նախագիծ՝ ԵՄ-ում առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման վերաբերյալ

Ներկայացվել է նախագիծ՝ ԵՄ-ում առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ` առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը  ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

Համաձայնագրի նպատակն է փոխադարձության հիման վրա ստեղծել արագ եւ արդյունավետ ընթացակարգեր այն անձանց հայտնաբերման եւ անվտանգ ու կանոնակարգված վերադարձի համար, որոնք չեն բավարարում կամ այլեւս չեն բավարարում Հայաստանի կամ Եվրոպական միության անդամ պետություններից մեկի տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու կամ բնակվելու համար պահանջներին եւ դյուրացնելու այդպիսի անձանց տարանցումը: Համաձայնագրով սահմանված են հետընդունման մասով Հայաստանի եւ Եվրոպական միության պարտավորությունները, հետընդունման ընթացակարգը, տարանցման գործողությունները, ծախսերը, տվյալների  պաշտպանությունը եւ մի շարք այլ հարցեր:

Համաձայնագրի 20-րդ հոդվածը սահմանում է, որ կողմերը կարող են կազմել կիրարկող արձանագրություն, որում ի թիվս մի շարք հարցերի կորոշակիացվի նաեւ իրավասու մարմինների նշանակումը, սահմանային անցակետերին եւ կոնտակտային անձանց վերաբերյալ տեղեկությունների փոխանակումը, ուղեկցությամբ վերադարձի պայմանները` ներառյալ երրորդ երկրի քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց ուղեկցությամբ տարանցումը, միջոցները եւ փաստաթղթերը` ի հավելումն  համաձայնագրի 1-4-րդ հավելվածներում թվարկվածների, հետընդունման ձեւերը` արագացված ընթացակարգերի ներքո, հարցազրույցների ընթացակարգը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը:

  • Կիսվել: