հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ներկայացվել է արհեստական բանականության և մեքենայական ուսուցման գործիքակազմի կիրառման հայաստանյան փորձը

Ներկայացվել է արհեստական բանականության և մեքենայական ուսուցման գործիքակազմի կիրառման հայաստանյան փորձը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը մասնակցել է Համաշխարհային բանկի ներքին ռեսուրսների մոբիլիզացման համաշխարհային լուծումների խմբի կազմակերպած՝ հարկերին և տեխնոլոգիաներին վերաբերող առցանց աշխատաժողովի։

Միջոցառումն իրականացվում է արդեն երկրորդ տարին, որին մասնակցում են հարկային ծառայությունների և միջազգային կազմակերպությունների լավագույն մասնագետները: 

«Հարկային կեղծիքի բացահայտում արհեստական բանականության և մեքենայական ուսուցման կիրառմամբ» թեմայով շնորհանդեսի շրջանակում ՊԵԿ նախագահի տեղակալը ներկայացրել է Պետական եկամուտների կոմիտե մուտքագրվող տվյալների հավաքագրման աղբյուրները, մասնավորապես՝ հաշվետվություններ B2G, ինվոյսային համակարգ B2B, հաշվիչ դրամարկղային մեքենայից տվյալներ B2C և այլ աղբյուրներ։ Աշոտ Մուրադյանն ընդգծել է, որ հետևելով համաշխարհային նորարարական միտումներին, ՊԵԿ-ն իրականացնում է տարբեր  նախագծեր, որի շրջանակում, վերլուծական աշխատանքներից բացի, կիրառվում են մեքենայական ուսուցման գործիքակազմ և արհեստական բանականություն:

Այն թույլ է տալիս խնայել ժամանակ, ֆիզիկական ու մտավոր ներուժ, ինչպես նաև աշխատել և վայրկյանների ընթացում մշակել մեծածավալ տվյալներ։ 

Շնորհանդեսի ընթացքում ներկայացվել են նաև կոմիտեի մեծածավալ տվյալների հիման վրա ՊԵԿ-ի և Հայաստանի Ամերիկյան համալսարանի կողմից համատեղ իրագործվող նախագծերը։ Իրականցված նախագծերից մեկի արդյունքում հարկային ստուգումների շրջանակում փորձագիտական գնահատականները թույլ են տվել մշակել հարկերից խուսափելու հայտնաբերման մոդել։ Վերջինիս կիրառումը թույլ է տալիս նվազեցնել ռիսկերը և իրականացնել թիրախային ստուգումներ։ Առաջիկայում կիրականացվեն նաև այլ համատեղ նախագծեր, այդ թվում՝ ապրանքների հետագծելիության մասով։

 

  • Կիսվել: