հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ներկայացված ոչ բոլոր փաստաթղթերը, տեղեկատվությունը կարող են ունենալ ապացուցողական նշանակություն. Շաթիրյան

Ներկայացված ոչ բոլոր փաստաթղթերը, տեղեկատվությունը կարող են ունենալ ապացուցողական նշանակություն. Շաթիրյան

Սահմանադրական դատարանի դատավոր, ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ գործով զեկուցող Էդգար Շաթիրյանը կարծում է, որ դիմողների ներկայացրած առերևույթ խախտումների վերաբերյալ բոլոր փաստաթղթերը չէ, որ կարող են ունենալ ապացուցողական նշանակություն. բացի այդ, նկատի ունենալով դրանց ծավալը, այդ ամբողջը հնարավոր չէ դարձնել հետազոտման առարկա: Շաթիրյանը նման տեսակետ հայտնեց ՍԴ հուլիսի 9-ի նիստում՝ պատասխանելով դատավոր Հրայր Թովմասյանի հարցին:

Թովմասյանը հետաքրքրվեց, թե արդյոք զեկուցողը առանձնացրե՞լ է այն փաստական հանգամանքները, որոնք գործի ելքի համար նշանակություն են ունենալու:

Էդգար Շաթիրյանն ասաց, որ այդ հարցն իրեն ևս մտահոգում է արդեն քանի օր: «Եթե անկեղծ ասեմ, հարցի առնչությամբ ունեմ նախնական դիրքորոշում, բայց կարծում եմ՝ այս փուլում չէ, որ պետք է բարձրաձայնեմ»,-ասաց դատավորը:

Շաթիրյանը շեշտեց, որ հարցն անկյունաքարային է, պետք է համատեղ քննարկել հակառակ դեպքում չեն կարող առաջ գնալ: «Բոլոր դիմողներն էլ ներկայացրել են իրենց գնահատմամբ առերևույթ խախտումների առնչությամբ համապատասխան ապացույցներ, փաստաթղթեր, տեղեկատվություն, բայց, դրանք բոլորը, ըստ իս, չեն կարող ունենալ ապացուցողական նշանակություն: Նաև նկատի ունենալով դրանց ծավալը՝ հնարավոր չէ այս ամենը դարձնել հետազոտման առարկա»,-ասաց Շաթիրյանը:

Հրայր Թովմասյանը նշեց, որ այդ ամենը 15 օրում քննարկելու, կարևորը երկրորդականից տարբերելու անհրաժեշտություն ունեն, և այդ առումով զեկուցողը անելիք ունի:

ՍԴ նիստն ընդմիջվեց 1 ժամով՝ մինչև 14:00-ն:

  • Կիսվել: