Նեղմիտ, պարծենկոտ և փոքրոգի անձնավորությունն իրավունք չունի տեղ զբաղեցնելու ՍԴ կազմում․ հայտարարություն
Քաղբանտարկյալների և Մարտի 1-ի զոհերի հարազատները հայտարարությունեն տարածել` պատասխանելով ՍԴ դատավորի պաշտոնի թեկնած Վահրամ Ավետիսյանին։
«Կառավարության առաջարկած ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը, իր տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշել է. «Տարբեր լրատվամիջոցների, ֆեյքերի և հայտնի անհայտների հրապարակումներին արձագանքելը, նրանց որևէ փաստարկ ներկայացնելն անիմաստ է, քանի որ ակնհայտ են այդ հրապարակումներն իրականացրած անձանց նեղ անձնական, հատվածական և խմբային շահերը, հայտնի են այդպիսի հրապարակումների հեղինակների մասնագիտական հատկանիշները և բարոյական կերպարը»:
Վահրամ Ավետիսյանի այս հայտարարության պահին հրապարակային բողոքով հանդես էինք եկել միայն մենք` քաղբանտարկյալներս և մարտիմեկյան ոճրագործության զոհերի հարազատները:
Ուստի «նեղ անձնական, հատվածական և խմբային շահերով» առաջնորդվողներ վիրավորական արտահայտությամբ, Ավետիսյանն ակնհայտորեն նկատի է ունեցել մեզ` ս.թ. հուլիսի 25-ի հայտարարությունը ստորագրած քաղբանտարկյալներին և Մարտի 1-ի զոհերի հարազատներին:
Ըստ այդմ, ևս մեկ անգամ պնդում ենք, որ նման նեղմիտ, պարծենկոտ և փոքրոգի անձնավորությունն իսկապես իրավունք չունի տեղ զբաղեցնելու Սահմանադրական դատարանի կազմում»,- ասվում է հայտարարության մեջ։