ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
 Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանն այս պահին էլ ցուցմունք է տալիս, իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. փաստաբան

Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանն այս պահին էլ ցուցմունք է տալիս, իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. փաստաբան

«Օֆշորի» գործով որպես մեղադրյալ ներգրավված Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. գործն արհեստական եւ շինծու է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի պաշտպան Հովիկ Արսենյանը։

«Արհեստական ու շինծու գործ է, անհասկանալի է, թե ինչ նպատակ է հետապնդում։ Այն չեղած հիմքերով ու փաստական տվյալներով քրեական հետապնդում է Կճոյանի նկատմամբ։ Բնականաբար, Կճոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել եւ մանրամասն ցուցմունքներ է տվել, որ թող ստուգեն, որովհետեւ առանց ստուգման, առանց որպես վկա հարցաքննելու մեղադրանք են առաջադրել։ Հենց այս պահին էլ ցուցմունք է տալիս»։

Փաստաբանն ասաց, որ մեղադրանքն առաջադրվել է 2 օր առաջ, իրենց համար անսպասելի էր, որ մեղադրանք կառաջադրվի։

«Այսքան տարի իմ գործունեությամբ եղել եմ ընդդիմադիր դաշտում եւ իմ նպատակն է եղել՝ իրավական համակարգը տվյալ քաղաքական, տնտեսական հարկադրանքից հեռու լինի եւ բազմակողմանի, օբյեկտիվ քննության արդյունքում մարդու անմեղությունը պարզվի։ Ես մեծ ցավ եմ ապրում, քանի որ այս գործելաոճը բնորոշ էր նախորդ իշխանությանը»,- ասաց Հովիկ Արսենյանը։

Հարցին՝ արդյոք գործի հիմքում այլ ցուցմունքներ կա՞ն, նա ասաց, որ պաշտպանական կողմը չի տիրապետում նման տեղեկության։

Նա հայտնեց, որ այս պահին տուժող կողմից ցուցմունք չկա։

NEWS.am-ի տեղեկություններով՝ այս պահին որպես մեղադրյալ ներգրավված է միայն Կճոյանը։

Հիշեցնենք, որ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանին մեղադրանք է առաջադրվել օֆշորի աղմկահարույց գործով։ Շուրջ 10  տարի է՝ ունեզրկված գործարար Փայլակ Հայրապետյանը պնդում է, որ իրեն պատկանող մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարի անշարժ գույքը 2009թ. գրավ է դրել բանկում, որն այն գնահատել է 33 միլիոն դոլար եւ դրա դիմաց գործարար Աշոտ Սուքիասյանին հատկացրել 10.7 միլիոն դոլար: Վերջինը, պայմանավորվածության համաձայն, այդ գումարը Աֆրիկայում ոսկու եւ ալմաստի արդյունահանման մեջ ներդնելու փոխարեն, փոխանցել է կիպրոսյան օֆշորային մի քանի ընկերությունների, այդ թվում՝ Wlispera Holdings Limited-ին, իսկ Փայլակ Հայրապետյանը զրկվել է ունեցվածքից:

Կիպրոսի ռեգիստրի պաշտոնական կայքում Wlispera Holdings Limited-ի բաժնետեր նշվում էին Աշոտ Սուքիասյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Նավասարդ Կճոյանը: Սակայն 2014 թվականի հունվար ամսին Վրաստանից հայաստանյան իրավապահներին արտահանձնված Սուքիասյանը հայտարարել է, որ Տիգրան Սարգսյանն ու Կճոյանը որեւէ կապ չունեն այդ գործի հետ, եւ, որ ինքն է կեղծել ստորագրությունները։

Աշոտ Սուքիասյանն այս գործով միակ դատապարտվածն է։

 

  • Կիսվել: