երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Նախկին պատգամավորին կալանավորելու որոշումն անփոփոխ կմնա

Նախկին պատգամավորին կալանավորելու որոշումն անփոփոխ կմնա

ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշման դեմ պաշտպանների բողոքը։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Դատախազությունը երեկ ստացել է ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավված և ներկայումս հետախուզման մեջ գտնվող ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի այս տարվա ապրիլի 9-ին կայացված որոշման դեմ վերջինիս պաշտպանների բողոքի կապակցությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (նախագահությամբ Ռ. Մխիթարյանի) որոշումը: Այդ որոշմամբ պաշտպանների վերաքննիչ բողոքը մերժվել է, և առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը թողնվել է ուժի մեջ: Բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգել է հետևության, որ Արթուր Գևորգյանին առաջադրված բոլոր մեղադրանքներով առկա է նրա կողմից ենթադրյալ հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածը, և եզրակացրել, որ հատկապես քննությունից թաքնվելու, քրեական պատասխանատվությունից խուսափելուն ուղղված գործուն միջոցներ ձեռնարկելու հնարավորության հիմքերի առկայության պայմաններում կալանավորումից բացի որևէ այլ խափանման միջոց ողջամտորեն ի զորու չէ ապահովելու մեղադրյալի դատավարական պատշաճ վարքագիծը: Որոշմամբ վերաքննիչ դատարանն ըստ էության հիմնազուրկ է համարել նաև Գևորգյանի նկատմամբ հետոխուզում հայտարարելու որոշումը ոչ իրավաչափ լինելու մասին պաշտպանների պնդումները»,- տեղեկացրեց դատախազի խորհրդականը:

Հիշեցնենք՝ Արթուր Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՔԾ-ում քննվող քրեական գործով ՀՀ ՔՕ-ի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրումը) և 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հարստանալը): Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց կալանավորումը, և հայտարարվել է հետախուզում: Դատելով Գևորգյանի ֆեյսբուքյան լուսանկարներից՝ նա այժմ գտնվում է ԱՄՆ-ում:

  • Կիսվել: