կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Նախագծի նպատակն է բացառել լիազորող նորմի բացակայությամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի առկայությունը

Նախագծի նպատակն է բացառել լիազորող նորմի բացակայությամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի առկայությունը

Կառավարության գործող որոշմամբ սահմանվում են Հայկական ատոմային էլեկտրակայանի ճառագայթային կամ միջուկային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանի հաստատման եւ դրանից բխող գործողությունների հետ կապված հարաբերությունները, իսկ մեկ այլ որոշմամբ էլ արտակարգ իրավիճակներում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի օդանավակայանների գործելու եւ պետական մարմինների հետ փոխգործակցության կարգը: Կառավարության այս երկու որոշումները ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտություն է առաջացել: Սահմանադրության համապատասխան նորմով, սակայն, Կառավարությունը կարող է ընդունել նորմատիվ իրավական ակտեր, եթե լիազորված է դա անելու: Այստեղ խնդիր կա, քանի որ երկու որոշումներն էլ չունեն լիազորող նորմ, հետեւաբար ցանկացած փոփոխություն պետք է արվի պատշաճ լիազորող նորմի առկայության պայմաններում: Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը` ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման ներկայացնելով «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ու «Ավիացիայի մասին» օրենքներում առաջարկվող նոր կարգավորումները:

Նրա խոսքով նախատեսվում է այս երկու որոշումների համար նախատեսել համապատասխան օրենսդրական հենք, որը հնարավորություն կտա ՆԳ նախարարությանը պատշաճ վերլուծելու ոլորտում բնակչության պաշտպանության խնդիրներն ու հանդես գալու արդեն Կառավարության որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկով:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ վերջերս Կառավարությունն ընդունել է աղետների ռիսկերի կառավարման նոր ռազմավարությունը եւ դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը, որով պայմանավորված էլ այս ոլորտը համալիր փոփոխությունների է ենթարկվում:

Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը գործընկերներին առաջարկել է կողմ քվեարկել, որից հետո հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

  • Կիսվել: