հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մյասնիկյան փողոցում սպանություն կատարելու մեղադրանքով կալանավորվել է Արտաշատ քաղաքի 41-ամյա բնակիչ

Մյասնիկյան փողոցում սպանություն կատարելու մեղադրանքով կալանավորվել է Արտաշատ քաղաքի 41-ամյա բնակիչ

ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական, վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան փողոցում կատարված սպանության էական հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2023թ. ապրիլի 30-ին` ուշ երեկոյան, Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի դիմաց արնահոսող, անգիտակից վիճակում, գետնին ընկած տղամարդու դի էր հայտնաբերվել՝ գլխի շրջանում առերևույթ հրազենային վնասվածքով:

Պարզվել է, որ սպանվողը նույն շենքի բնակիչ Ս.Վ.-ն է։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է երկու հատ պարկուճ, շքամուտքի դռան վրայից առերևույթ հրազենային զենքից կրակված գնդակի բեկոր, ինչպես նաև քննությանը հետաքրքրող այլ առարկաներ:

Հարցաքննվել են բազմաթիվ վկաներ։ Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններ։

Առաջ են քաշվել մի շարք վարկածներ, որոնց շուրջ իրականացվել են համակարգված և անհետաձգելի լայնածավալ վարույթային և ապացուցողական, օպերատիվ-հետախուզական գործողություններ։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Երևան քաղաքի Սարալանջի փողոցի աջակողմյան հատվածում միմյանցից տարբեր հեռավորությունների վրա, հայտնաբերվել են հանցագործության գործիք ատրճանակը, ատրճանակի փողատուփի կափարիչը, փամփշտատուփը, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի վերարկուն և գլխարկը, որոնք վարույթն իրականացնող մարմնի կողմից վերցվել են:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նաև ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Արտաշատ քաղաքի 42-ամյա բնակիչ Գ.Հ.-ն է:

Ձեռք բերված տվյալների համաձայն՝ վերջինս 2023 թվականի ապրիլի 30-ին Nissan մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել Հերացի փողոցում գտնվող դպրոց, որտեղ սպասել է տուժողին: Երբ վերջինս մոտեցել է իր բնակության հասցեին, մոտեցել է նրան, իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից երկու անգամ կրակել է վերջինիս ուղղությամբ և դիմել փախուստի:

2023 թվականի մայիսի 2-ին՝ Գ. Հ.-ն հայտնաբերվել է Բագրատաշենի անցակետի տարածքում: Վերջինս ձերբակալվել է վերը նկարագրված հանցանքը կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով:

Միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Գ.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է: Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով և որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: