շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՄԻՊ-ը Միգրացիայի և փախստականների հարցերով ԵԽ հատուկ ներկայացուցչին է ներկայացրել բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

ՄԻՊ-ը Միգրացիայի և փախստականների հարցերով ԵԽ հատուկ ներկայացուցչին է ներկայացրել բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ընդունել է Միգրացիայի և փախստականների հարցերով ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Լեյլա Քայաջիկի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերելի խնդիրները, որոնք արձանագրվել են Պաշտպանի և Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքում:
Պաշտպանի կողմից հատուկ ընդգծվել է նաև բռնի տեղահանված անձանց կարիքների գնահատման և հասցեագրման անհրաժեշտությունը՝ այդ թվում` իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրազեկման աշխատանքների իրականացման, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության մանդատակիր կազմակերպությունների հետ հաղորդակցության վարման և առկա լավագույն փորձի փոխանակման համատեքստում:
Պաշտպանը բռնի տեղահանված անձանց Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հարցի քննարկման համատեքստում Միգրացիայի և փախստականների հարցերով ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին է ներկայացրել Ադրբեջանի՝ պետության տարբեր մակարդակներում դրսևորվող և խրախուսվող հայատյաց քաղաքականության վերաբերյալ փաստեր:

Կողմերը քննարկել են բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ Եվրոպայի խորհրդի հետ ծրագրային համագործակցության հնարավորությունները՝ վերահաստատելով մարդու իրավունքների գերակայության սկզբունքի անխոչընդոտ իրականացման կարևորությունը:

Իր հերթին Լեյլա Քայաջիկը կարևորել է Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության բարձր առաքելության իրականացման մեջ՝ վստահություն հայտնելով համագործակցության շարունակական ամրապնդման վերաբերյալ:

  • Կիսվել: