հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՄԻՊ-ը՝ Արդարադատության նախարարի՝ դատավորներին կարգապահական վարույթի ենթարկելու հայտարարության մասին

ՄԻՊ-ը՝ Արդարադատության նախարարի՝ դատավորներին կարգապահական վարույթի ենթարկելու հայտարարության մասին

Խոսելով Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հայտարարությունների և նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի կողմից դրանց՝ քաղաքական որակվելու մասին, պետք է չմոռանանք, որ Կարեն Անդրեասյանը հենց քաղաքական գործիչ է և քաղաքական պաշտոն է զբաղեցնում, այլ բան է, թե Արդարադատության նախարարին հասանելի օրինական գործիքկազմերի միջոցով ինչպե՞ս ենք իրացնում դատական համակարգում բարեփոխումների ծրագիրը։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի՝ 44 դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու հետ կապված հայտարարությանը, ասաց նորընտիր ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը։

«Ինձ հատկապես շատ դիպուկ թվաց Արման Թաթոյանի վերջին զեկույցում առկա շեշտադրումը այն մասին, որ քանի որ մենք տարիներ շարունակ հիմնական խնդիրներին մոտեցում չենք ցուցաբերել, դրա համար այս խնդիրները շարունակվում են, ճյուղավորություններ են ստանում։ Քաղաքական գործիչների գնահատականները, որոնք կարող են դիտարկվել որպես սուր քաղաքական խոսք, կարող են զգայական սուր ռեակցիաներ առաջացնել։

Իմ գնահատականը այն է, որ քաղաքական գործիչները կարող են ունենալ սուր քաղաքական խոսք, բայց դրանք չպետք է սահմանակցվեն հանցագործության մասին հաղորդումներով, իրավական համակարգը իր գործը պետք է անի, իսկ քաղաքական գործիչը, ունենալով նաև սուր քաղաքական խոսք, հանրությանը տեղյակ պահի, թե  ինչպես է պատկերացնում այդ խնդիրների լուծումը»,- ասաց ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը։

  • Կիսվել: