երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
ՄԻՊ թեկնածուն խիստ կարևորեց Արցախի շրջափակման հետևանքով մարդու իրավունքների ոլորտում առաջացած խնդիրների լուծումը

ՄԻՊ թեկնածուն խիստ կարևորեց Արցախի շրջափակման հետևանքով մարդու իրավունքների ոլորտում առաջացած խնդիրների լուծումը

Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Անահիտ Մանասյանն անդրադարձավ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում առաջացած տարատեսակ խնդիրներին: Ազգային ժողովում ելույթի ժամանակ Մանասյանը ընդգծեց, որ այդ խնդիրները պետք է գտնվեն բոլորի ուշադրության կենտրոնում:

«Պետք է համատեղ ջանքերով փորձենք այս բոլոր հարցերին գտնել լուծումներ: Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվելու պարագայում պատրաստ եմ օգտագործել իմ ունեցած հնարավոր ամբողջ գործիքակազմը՝ համագործակցելով պետական բոլոր մարմինների, բոլոր ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, միջազգային գործընկերների հետ, որոշ դեպքերում նաև իմ անձնական կապերը օգտագործելով՝ նշված խնդրի հետևանքով առաջացած մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում խնդիրները լուծելու նպատակով:

Բնականաբար, անչափ կարևորում եմ այս ոլորտում փաստահավաք աշխատանքի իրականացումը և մեր հայրենակիցների կողմից ցանկացած տեսակի աջակցության տրամադրումը, որը իրականում բացառիկ կարևորություն ունի մեզ համար այս փուլում»,- ընդգծեց Մանասյանը:

  • Կիսվել: