ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մինչև ժամը 13։00-ն ընտրությունների վերաբերյալ ստացվել է 64 հաղորդում և ահազանգ․ ՀՀ գլխավոր դատախազություն

Մինչև ժամը 13։00-ն ընտրությունների վերաբերյալ ստացվել է 64 հաղորդում և ահազանգ․ ՀՀ գլխավոր դատախազություն

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ ժամը 8։00-13։00-ն, ընտրությունների գործընթացին առնչվող առերևույթ հանցավոր դրսևորումների վերաբերյալ Դատախազությունը ստացել է 64 հաղորդում և ահազանգ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Էդգար Արսենյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛64 ահազանգերից 11-ը ստացվել է լրատվամիջոցների կողմից, 28-ը ֆիզիկական անձանց կողմից տրված հաղորդումներ են, այդ թվում նաև ստացված Դատախազության «թեժ գծից», 2-ը՝ սոցիալական ցանցերում օգտատերերի կողմից կատարված գրառումից, 23-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներ՛՛:

ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալը նշեց, որ ստացված հաղորդումներից 16-ը վերաբերում են քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքերին, մեկը ընտրողների ցուցակը կազմելու, դրանք քաղաքացիներին և կուսակցություններին տրամադրելու կամ հրապարակելու կարգը խախտելու դեպքի առթիվ, 6-ը՝ ընտրողներին կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ, 16-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն և 2-ը քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն, 4 տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքի հարող տարածքում բռնություն գործադրելը կամ բռնությունը գործադրելու սպառնալիքի դեպքի առթիվ։

Արսենյանը հավելեց. ՛՛Ի դեպ, նշված հոդվածով հարուցվել է մեկ քրեական գործ և կատարվում է նախաքննություն՛՛:։

Նա տեղեկացրեց նաև, որ  64 հաղորդումներից 15-ը վերաբերել են մեկից ավելի անգամ քվեարկելու կամ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերին, մեկ հաղորդում վերաբերել է կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ պատրաստելու, հանձնելու կամ իրացնելու դեպքերին, մեկը՝ ընտրություններին կամ քվեարկության արդյունքները կեղծելուն և 2-ը՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը։

՛՛Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 38 հաղորդումները բնույթով եղել են վերացական և ընդհանրական և ուղարկվել են Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, դրանց ուղղությամբ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով, իսկ 26-ը ուղարկվել են հետաքննության և նախաքննության ՀՀ օրենսգրքի 180-181 նախատեսված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով՛՛,-ասաց Արսենյանը։

 

  • Կիսվել: