հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մինչև չստեղծենք անվտանգության երաշխիքներ, միշտ լինելու են այսպիսի հանցանքներ. ՄԻՊ-ը՝ Գորիս-Կապան ճանապարհին տեղի ունեցածի մասին

Մինչև չստեղծենք անվտանգության երաշխիքներ, միշտ լինելու են այսպիսի հանցանքներ. ՄԻՊ-ը՝ Գորիս-Կապան ճանապարհին տեղի ունեցածի մասին

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Գորիս-Կապան ճանապարհին տեղի ադրբեջանցիների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին:
 
՛՛Մենք ինքներս պետք է ստեղծենք մեր երեխաների, մեր իրավունքների պաշտպանության ու անվտանգության երաշխիքներ: Մինչև դա չանենք, ադրբեջանական զինված ծառայողները միշտ էլ գործելու են այսպիսի հանցանքներ, թույլ են տալու սանձարցակ պահվածք: Միշտ լինելու է անորոշություն: Գրեթե 1 տարի է, ինչ խնդիրների մասին այդքան զգուշացնում եմ կոնկրետ փաստերով:
 
Այս տեսանյութում ադրբեջանական զինված ու դիմակավորված ծառայողները կանգնեցրել են երեխաներ տեղափոխող քաղաքացիական ավտոբուս: Երեխաներն Արցախից են, որ երթևեկում են Որոտանի ճանապարհով: Արցախի իմ գործընկերոջ՝ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի (Gegham G. Stepanyan) հետ համատեղ պարզել ենք, որ Արցախի ֆուտբոլ խաղացող երեխաներ են՝ 15-16 տարեկան: Ադրբեջանական ծառայողները՝ զինված ու դիմակավորված, ստուգել են երեխաների հեռախոսները՝ ինչ-որ տեսանյութեր գտնելու պատրվակով: Երեխաների ավտոբուսն այդպես պահել են 10-15 րոպե: Այդ ընթացքում նաև ավտոբուսի վրայից դանակով քերել են Արցախի դրոշը:
 
Ադրբեջանական աղբյուրները հպարտությամբ տարածում են այս տեսանյութը: Բայց այստեղ հարցը պահվածքն է, որ ադրբեջանական զինված ծառայողները ցուցաբերում են երեխաների նկատմամբ, երեխաներին բացահայտ ահաբեկելու նպատակ՝ դիմակով ու զինված:
 
Հիմա էլ տեսանյութը տեղադրել են ադրբեջանական սոցիական ցանցերում, ու այն ուղեկցվում է երեխաներին ուղղված լկտի վիրավորանքներով, հայերին սպանելու կոչերով և խորքային ատելությամբ: Այս ամենը տարիների պետական հովանավորչությամբ ադրբեջանական հայատյացության քաղաքականության արդյունք է: Ապացույցները մենք փաստագրել ենք՛՛,-գրել է նա՝ հրապարակելով տեսանյութ:

  • Կիսվել: