շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Մինչև 18 տարեկանները էլեկտրական սկուտեր կկարողանան վարել միայն սահմանված վայրերում. նոր փոփոխություններ

Մինչև 18 տարեկանները էլեկտրական սկուտեր կկարողանան վարել միայն սահմանված վայրերում. նոր փոփոխություններ

Հայաստանում նոր օրենսդրական նախաձեռնությամբ սահմանվում են անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկության կանոնները: 

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Ներքին գործերի փոխնախարար Դավիթ Համբարյանը: 

Օրենսդրական նախաձեռնությամբ տրվել է սահմանումը, թե ինչ է անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցը, ինչպիսին պետք է լինեն դրա հիմնական բնութագրերը, ինչպիսին պետք է լինի այդ միջոցների կահավորումը:

Այսպիսով` սահմանվել է անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոց՝ մեկ կամ մի քանի անիվ (գլանափող) ունեցող տրանսպորտային միջոց, որը նախատեսված է էլեկտրական շարժիչի օգտագործմամբ մարդու անհատական տեղաշարժման համար (էլեկտրական սկուտեր, էլեկտրական սքեյթբորդ, գիրոսկուտեր, սեգվեյ, միանիվ և այլ նմանատիպ միջոցներ):

«Առանձնացվել է մինչև 18 տարեկանների և 18 տարեկանից բարձր խմբերը, որոնց համար սահմանվել են համապատասխան վայրեր՝ տվյալ միջոցից օգտվելու համար: Մինչև 18 տարեկանների համար սահմանվելու են վայրեր՝ բացառապես ՏԻՄ-ի կողմից, որոնք անվտանգության տեսանկյունից ապահով են: Այսինքն՝ մինչև 18 տարեկան անձինք դա կարող են վարել միայն ավագանու կողմից հաստատված հատուկ տարածքներում: Իսկ 18-ից բարձր տարիքային խմբի համար սահմանվել են այն երթևեկելի մասերը, տարածքները՝ սկսած հեծանվային ուղիներից, վերջացրած ճանապարհների աջ եզրագծերով, որոնցից կարող են օգտվել»,-ասաց փոխնախարարը:

Սահմանվել են նաև այն առանձնահատուկ պայմանները, որոնք պետք է պահպանվեն դրանց վարման ժամանակ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքով նախատեսվել են նաև վարչական իրավախախտումներ ինչպես անհատների համար, այնպես էլ տվյալ տրանսպորտային միջոցը վարձակալությամբ տրամադրող կազմակերպությունների համար:  

Ըստ նրա՝ նախագծի ընդունումը հնարավորություն կտա ամբողջությամբ կանոնակարգել ոլորտը: 

 

  • Կիսվել: