կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՄԻԵԴ-ը ստացել է 241 անձի վերաբերյալ դիմում, որոնցից 228-ը՝ հայեր, 13-ը՝ ադրբեջանցիներ

ՄԻԵԴ-ը ստացել է 241 անձի վերաբերյալ դիմում, որոնցից 228-ը՝ հայեր, 13-ը՝ ադրբեջանցիներ

Հունվարի 15-ին և փետրվարի 1-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստացել է համապատասխանաբար «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» և «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» միջպետական գանգատները։

Ինչպես նշված է Եվրադատարանի հաղորդագրությունում, հայցվորները պնդում են 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկիզբ առած ռազմական գործողությունների ընթացքում Մարդու իրավունքների կոնվենցիայի լայնատարած խախտումների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, ինչպես նաև քաղաքացիական և հանրային գույքի վրա հարձակումների, զինվորականների և քաղաքացիական անձանց մահապատիժների, խոշտանգումների և նրանց նկատմամբ վատ վերաբերմունքի, ռազմագերիներին չհանձնելու, մարտական գործողությունների շրջաններից քաղաքացիական բնակչության բռնի տեղահանման մասին։

Բացի այդ, Ադրբեջանը պնդում է նաև, թե Հայաստանը պատասխանատու է 1992 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղում ու շրջապատող տարածքներում Կոնվենցիայի խախտումների, այդ թվում՝ հարյուր հազարավոր ադրբեջանցիների բռնի տեղահանման, ադրբեջանցիների անհետացման և նրանց նկատմամբ վատ վերաբերմունքի, մշակութային և կրոնական սեփականության ոչնչացման համար։

ՄԻԵԴ-ը հիշեցնում է, որ երկու պետությունները պատերազմի օրերին դատարանին էին դիմել նաև միջանկյալ միջոցներ կիրառելու համար։

Բացի այդ, Եվրադատարանը երկու երկրներից, ինչպես նաև ռազմագերիների հարազատներից դիմումներ է ստացել գերիների վերաբերյալ։ Մինչ այժմ ստացվել է 241 անձի վերաբերյալ դիմում, որոնցից 228-ը՝ հայեր, 13-ը՝ ադրբեջանցիներ։ ՄԻԵԴ-ը տեղեկատվություն է պահանջել այդ անձանց վերաբերյալ համապատասխան կառավարություններից։

Դատարանը նախ և առաջ ուսումնասիրելու է միջպետական գանգատները քննության ընդունելու հարցը, ասված է հաղորդագրությունում։ Որպես առաջին քայլ՝ ՄԻԵԴ-ը գանգատներն ստանալու մասին ծանուցել է պատասխանող կողմերին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: