ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
 50 հազար եվրո փոխհատուցում՝ զինծառայողի կյանքի իրավունքի խախտման համար. ՄԻԵԴ-ի վճիռը

50 հազար եվրո փոխհատուցում՝ զինծառայողի կյանքի իրավունքի խախտման համար. ՄԻԵԴ-ի վճիռը

Կառավարությունը 3 ամսվա ընթացքում խաղաղ պայմաններում զորամասում մահացած 19-ամյա զինծառայող Տիգրան Օհանջանյանի մորը պետք է վճարի 50 հազ եվրո փոխհատուցում: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ապրիլի 25-ին վճիռ է կայացրել Հայաստանի դեմ՝ զինծառայողի կյանքի իրավունքը չպաշտպանելու համար:

ՄԻԵԴ-ում գործի քննության ժամանակ Հայաստանի կառավարության ներկայացուցիչը դատարանից պահանջել է գանգատը հանել ցուցակից: Մասնավորապես, ընդունել են, որ տեղի է ունեցել կյանքի իրավունքի խախտում և պարտավորվել են մահացած զինծառայողի մորը վճարել 21 հազ. 500 եվրո փոխհատուցում: Պարտավորվել են նաև «ձեռնարկել բոլոր համապատասխան միջոցները՝ սույն գործով խախտումները վերացնելու համար»:

Սակայն, ՄԻԵԴ-ի համար բավարար չեն եղել կառավարության խոստումները, քանի որ դրանք երաշխիքներ չեն ունեցել: Բացի այդ, ՄԻԵԴ-ը արդարացի չի համարել առաջարկվող փոխհատուցման չափը: Հետևաբար մերժել է կառավարության միջնորդությունը և գործի քննությունը շարունակել է՝ կայացնելով վճիռ:

ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ զորակոչիկները գտնվում են գրեթե նույն կարգավիճակում, ինչ կալանավորված անձիք,  քանի որ նրանք ամբողջությամբ պետության վերահսկողության տակ են: Բանակում ցանկացած իրադարձություն ամբողջությամբ կամ մեծամասամբ գտնվում է իշխանությունների բացառիկ իմացության ներքո: Հետևաբար, պետությունը պարտավոր է նաև բավարար և համոզիչ բացատրություն տրամադրել բանակում տեղի ունեցած ցանկացած վնասվածքի կամ մահվան համար:

Եվրոպական դատարանը գտել է, որ այս գործով քննությունը բավականաչափ մանրակրկիտ չի եղել և չի իրականացվել ողջամիտ արագությամբ: Բավարար ջանքեր չեն գործադրվել ներպետական դատարանների որոշումներից հետո՝ թերությունները վերացնելու համար: Ընդհանուր առմամբ, իշխանություններին չի հաջողվել արդյունավետ քննություն իրականացնել Տ. Օհանջանյանի մահվան հանգամանքների վերաբերյալ։

Հետևաբար, դատարանը եզրակացրել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի (Կյանքի իրավունք) ընթացակարգային խախտում:

Հիշեցնենք, որ 2007 թ. օգոստոսի 30-ին N զորամասում կասկածելի հանգամանքներում մահացել է ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանը: Փորձագետների տված եզրակացության համաձայն` մահվան պատճառը հոսանքահարումն է, ինչը սակայն կասկածի տակ էին դնում Տիգրանի ծնողները` պնդելով, որ իրենց որդուն իրականում սպանել են:

Հավելենք, որ Տիգրան Օհանջանյանի գործն ուսումնասիրվել է ՀՀ վարչապետի որոշմամբ ոչ մարտական պայմաններում մահացած Զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումնասիրության նխատակով ձեւավորված աշխատանքային խմբի կողմից։ Խմբի աշխատանքները համակարգել էր վարչապետի օգնական, ներկայումս ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Խումբը իր տված եզրակացությամբ եւս փաստել է՝ էլեկտրահարում չի եղել։

  • Կիսվել: