չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՄԻԵԴ-ում սկսվում է Հադրութում 73- և 25-ամյա հայերի գնդակահարության գործով ընդդեմ Ադրբեջանի վարույթը

ՄԻԵԴ-ում սկսվում է Հադրութում 73- և 25-ամյա հայերի գնդակահարության գործով ընդդեմ Ադրբեջանի վարույթը

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը կարծում է՝ Ադրբեջանի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հրատապ ծանուցումը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե չի կարող առանց հետևանք մնալ. ծանուցմամբ պահանջվում է վերահսկել, որ Ադրբեջանը կատարի Լաչինի միջանցքը ապաշրջափակելու ՄԻԵԴ որոշումը: Այն եվրոպական դատարանը դեռ 2022-ի դեկտեմբերին էր ընդունել: Բաքուն, սակայն, ոչ միայն չի ապաշրջափակել Արցախն ու Հայաստանը կապող միակ ճանապարհը, այլև Հայաստանի՛ դեմ միջանկյալ միջոց կիրառելու դիմում է ներկայացրել: Դատարանը մերժել է Ադրբեջանի պահանջը՝ Բաքվի դեմ կայացրած որոշումը թողնելով անփոփոխ:

Արտակ Զեյնալյան (իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչ) - Սրանք դատական ակտեր են, որոնք չեն կարող չունենալ քաղաքական ազդեցություն, քաղաքական որոշումների վրա ազդեցություն չունենալ չեն կարող: Մեր ուժերը պետք է մոբիլիզացնենք, որ հասնենք այդ ակտերի կատարմանը, Ադրբեջանի կողմից իր պարտավորությունների կատարմանը:

Զեյնալյանը տեղեկացնում է՝ ՄԻԵԴ-ում սկսվում է 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութում 73-ամյա Բենիկ Հակոբյանի և 25-ամյա Յուրի Ադամյանի գնդահակարության գործով ընդդեմ Ադրբեջանի վարույթը: 2020-ի սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած արտադատական մահապատժի այդ դեպքերը միջազգային մեծ արձագանք էին ստացել: Տեսանյութում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները գերեվարում նրանց, ապա՝ սպանում:

Արտակ Զեյնալյան - Առաջիկայում կսկսվի վեճի ընթացքը, փուլը: Հնարավորություն կտրվի գանգատին պատասխան ներկայացնել այն փաստարկներին, որոնք շարադրված են գանգատում, այնուհետև դա կտրամադրվի մեր կողմին՝ դրա վերաբերյալ առարկություն ներկայացնելու համար: Հիշեցնեմ, որ Ադրբեջանն աճյունները մինչև հիմա չի վերադարձրել:

Եվրադատարանն օրեր առաջ ծանուցել է «Սարդարյանն ընդդեմ Ադրբեջանի» գործի քննության մեկնարկի մասին: 2020-ի ամռանը ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խումբն առևանգել էր Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, անասուններն արոտավայր տարած Նարեկ Սարդարյանին և տեղափոխել Նախիջևան, ենթարկել կտտանքների, այնուհետև դեկտեմբերի 15-ին գերեվարված այլ անձանց հետ ուղարկել Հայաստան: Միջանկյալ միջոց կիրառելու դիմումը ՄԻԵԴ է ներկայացվել դեպքից անմիջապես հետո, ապա ներկայացվել է հիմնական գանգատը:

Արտակ Զեյնալյան - Ադրբեջանին ժամանակ է տրվել մինչև մայիս, որպեսզի պատասխան ներկայացնի գանգատին: Հայաստանի Հանրապետությունը ցանկություն է հայտնել ներգրավվել որպես 3-րդ կողմ այդ գործով: Ի տարբերություն մինչև հիմա եղած գործերի՝ նաև ծանուցել է Ադրբեջանին ապացույցների հավաքմանը խոչընդոտելու մասով: Դա Եվրոպական կոնվենցիայի 34-րդ հոդվածն է: Սա շատ կարևոր զարգացում է:

Հայկական կողմի պահանջն է՝ ճանաչել անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու, անձնական ազատության, անձեռնմխելիության, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների խախտման փաստերը: Հիմնավորվել է, որ Ադրբեջանը դրսևորել է ռասիզմ ու խտրականություն: Եվրադատարանում այս գործերին, ըստ Զեյանլյանի, տրվել է առաջնահերթություն: Ինչ վերաբերում է 2022-ի սեպտեմբերի 13-ին Իշխանասարում հայ առնվազն 7 ռազմագերիների գնդակահարությանը, Եվրադատարանում գերիների շահերի ներկայացուցիչն ընդգծեց՝ դեռևս շարունակվում են հետազոտություններն ու վարույթները:

Արտակ Զեյնալյան - Այլ գնդակահարումներ, արտադատական մահապատիժներ իրականացվել են սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունների ընթացքում. այդ գործերով ներգրավված ենք:

Գերիների ու քաղաքացիական անձանց խոշտանգման, սպանության բազմաթիվ այլ գործերով Եվրադատարանի վճիռներն Ադրբեջանը չի կատարում: Դատական ակտերի կատարումը նախարարների կոմիտեի հսկողության տակ է: Վճիռների կատարումն ապահովելու հարցում իրավապաշտպանն անհրաժեշտ է համարում ակտիվացնել դիվանագիտական ջանքերը: Նաև հիշեցնում՝ Ադրբեջանի կողմից ընդդեմ Հայաստանի համանման գործեր Եվրադատարանում չկան:

  • Կիսվել: