ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՄԻԵԴ-ն այսօր վճիռ է կայացրել զինծառայող Տիգրան Օհանջանյանի գործով

ՄԻԵԴ-ն այսօր վճիռ է կայացրել զինծառայող Տիգրան Օհանջանյանի գործով

ՄԻԵԴ-ն այսօր վճիռ է կայացրել զինծառայող Տիգրան Օհանջանյանի գործով։

Ըստ ՄԻԵԴ-ի՝ իշխանությունների կողմից իրականացված հետաքննությունը լրջորեն թերի է։ Դատարանը չի կարող համարել այդ հետաքննության արդյունքները վստահելի կամ Տիգրան Օհանջանյանի մահվան հետ կապված բացատրությունը համոզիչ եւ բավարար.

«Դրանից հետեւում է, որ չենք կարող եզրակացնել, որ իշխանությունները կատարել են դիմումատուի որդու մահվան արժանահավատ բացատրություն տալու պարտավորությունը»։

Հիշեցնենք, որ 2007 թ. օգոստոսի 30-ին N զորամասում կասկածելի հանգամանքներում մահացել է ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանը:

Փորձագետների տված եզրակացության համաձայն` մահվան պատճառը հոսանքահարումն է, ինչը սակայն կասկածի տակ էին դնում Տիգրանի ծնողները` պնդելով, որ իրենց որդուն իրականում սպանել են:

Գանգատը 2011 թ․ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրել է փաստաբան Մուշեղ Շուշանյանը։

«Պետությունը բավարար փաստեր չի ներկայացրել, որ պաշտնական վարկած էլեկտրահարումը ճիշտ է։ Նույնիսկ ՄԻԵԴ-ը ողջամտորեն կասկածի տակ է դնում, որ էլելկտրահարության վարկածը արժանահավատ չէ»,- ասում է տուժողի իրավահաջորդի  ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը։

Ըստ փաստաբանի՝ Եվրոպական դատարանի արձանագրումների անչափ կարեւոր դրվագներից մեկն էլ Կոնվենցիայի երկրորդ հոդվածի խախտումն է՝ ընդ որում երկու անգամ.

«Չի ապահովվել կյանքի իրավունքը, նաեւ քննության բավարարության չափանիշը չի ապահովվել»։

Փաստաբան Արայիկ Պապիկյանը կարծում է, որ Տիգրան Օհանջանյանի գործով պետությունը նաեւ բարեխիղճ չի եղել։

Գործի ընթացքի մասին դատարանին տեղեկատվություն չի տրամադրել։

Դատարանը որոշել է որպես փոխհատուցում Օհանջանյան ընտանիքին տրամադրել է 50 հազար եվրո գումար։ Սակայն գումարային փոխհատուցումը որդեկորույս մոր համար որեւէ նշանակություն չունի։

«Պետությունը մեր հարկատուներիս հաշվին պետք է փոխհատուցում տա ընտանիքին։ Իսկ սա այն դեպքում, երբ առնվազն պարզ է, որ մի շարք պաշտոնյաներ թերացել են իրենց աշխատանքում»,- ասում է փաստաբանը։

Հիշեցնենք, որ Տիգրան Օհանջանյանի գործն ուսումնասիրվել է ՀՀ վարչապետի որոշմամբ ոչ մարտական պայմաններում մահացած Զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումնասիրության նխատակով ձեւավորված աշխատանքային խմբի կողմից։ Խմբի աշխատանքները համակարգել էր վարչապետի օգնական, ներկայումս ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Խումբը իր տված եզրակացությամբ եւս փաստել է՝ էլեկտրահարում չի եղել։

  • Կիսվել: